Իշխանությունը կիսվել է. Ակնարկ Դավիթ Հարությունյանին

    • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 15:18
«Դիվանագիտական առաքելությունների և դրանց անդամների լիազորությունների շրջանակը սահմանված է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիայով», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու նախօրեին արած եւ աղմուկ հանած հայտարարության մասին հարցին: Ինչպես հայտնի է, Պյոտր Սվիտալսկին խորհուրդ էր տվել Հայաստանի իշխանությանը ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու համար ընդլայնել ԿԸՀ կազմն ու ներգրավել քաղհասարակության ներկայացուցիչներին:

ԵՄ դեսպանի այդ հայտարարությանը արձագանքել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ասելով, որ դա ներքին գործերին միջամտելու անթույլատրելի փորձ է եւ չի համապատասխանում դեսպանի լիազորությանը:

Տիգրան Բալայանը մատնանշում է դեսպանների լիազորությունը կարգավորող իրավական փաստաթուղթը, իսկ Դավիթ Հարությունյանի հայտարարության մասով նշում. «Դավիթ Հարությունյանը կառավարության անդամ է, ով լավագույնս տիրապետում է իրավական փաստաթղթերին»:

Պետք է նկատել, որ ԱԳՆ խոսնակի արձագանքը բավական բազմիմաստ է: Կասկած չկա, որ Դավիթ Հարությունյանը լավագույնս տիրապետում է իրավական փաստաթղթերին: Հարց այն է, թե արդյոք ճիշտ է նրա գնահատականը Սվիտալսկուն, մասնավորապես դեսպանի լիազորությունից դուրս գալու մասով, թե ոչ:

Այդ պարագան ԱԳՆ խոսնակը թողնում է բաց եւ բավարարվում դիվանագիտական նրբանկատությամբ: Պատճառն անկասկած աղմուկից խուսափելն է՝ դիվանագիտական կամ ներիշխանական: Որովհետեւ, եթե Հայաստանի ԱԳՆ-ն նշի, որ Դավիթ Հարությունյանը իրավացի է եւ դեսպան Սվիտալսկին գերազանցել է իր լիազորությունը, ապա դա արդեն լիովին այլ հարթություն է, քան լոկ արդարադատության նախարարի գնահատականը: Դրանից հետո թերեւս Սվիտալսկին պետք է հրավիրվի ԱԳՆ զրույցի:

Եթե ԱԳՆ խոսնակը մանրամասնի, որ դեսպանի լիազորությունը գերազանցված չէ, որ Պյոտր Սվիտալսկին չի գերազանցել այն, դուրս չի եկել դիվանագետի իր շրջանակից, ապա կստացվի, որ ԱԳՆ-ն սխալ է որակում Դավիթ Հարությունյանի՝ արդարադատության նախարարի գնահատականը:

Կստացվի, որ Հարությունյանն իր հապճեպ գնահատականով խնդիր է առաջացրել Հայաստանի ու Եվրամիության միջեւ: Դա այն դեպքում, երբ Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել գործակցության շրջանակային համաձայնագիրը: Իսկ այստեղ իրավիճակը բավական բազմաշերտ է, նկատի ունենալով այն, որ այդ համաձայնագրի հարցում Երեւանի գործընկերը ոչ միայն Բրյուսելն է, այլ նաեւ Փարիզը: Փարիզն է զգալի ջանք գործադրել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի գործընթացը հնարավոր դարձնելու համար: Ընդ որում, Ֆրանսիան չի էլ թաքցնում իր զգալի լուման այդ հարցում:

Հետեւաբար, խնդիրը միայն ԵՄ հետ չէ, այլ նաեւ Ֆրանսիայի: Իսկ Ֆրանսիան ոչ միայն Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերությամբ պետություն է, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ եռյակի անդամ: Ավելին, Ֆրանսիայի նոր նախագահ Մակրոնի ընտրությունից հետո կարծես թե ստեղծվում է մի վիճակ, երբ Փարիզը մեծացնում է իր դերը թե Եվրոպայում, թե աշխարհում: Համենայն դեպս, Մակրոնն արտահայտում է այդ տրամադրությունը եւ հատկապես հատկանշական էր նրա հանդիպումը Պուտինի հետ:

Այդպիսով, թվում է Դավիթ Հարությունյանի «անմեղ» արձագանքը, Հայաստանի իշխանության «թասիբը» պահելու ձգտումը իրականում հղի է բավական խորքային խնդիրներով եւ բացառված չէ, որ արտգործնախարարությունը խոսնակի արձագանքով զգուշացնում է հենց այդ մասին: Բանն այն է, որ Դավիթ Հարությունյանից հետո դեսպանի քայլի գնահատականը կրկնելու հերթի կանգնեցին ՀՀԿ-ականները:

ԱԳՆ խոսնակի արձագանքն ըստ երեւույթին այդ շքերթը կասեցնելու եւ իրավիճակը լիցքաթափման տանելու փորձ է, որով միեւնույն ժամանակ դրսեւորվում է նաեւ Հայաստանի իշխող համակարգի ներկայիս բավական անորոշ իրավիճակը եւ շահերի բախումը, որը փաստացի սկսում է դրսեւորվել արդեն արտաքին ուղղությամբ, դրանից բխող ռիսկերով:

Ամենաընթերցվածը