ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան առայժմ չի հաստատում ալ-Բաղդադիի ոչնչացումը. Al Jazeera

  • Քաղաքականություն - 16 Հունիսի 2017, 13:49
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան առայժմ չունի ռուսական օդուժի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի հրամանատարության հայտարարությանը: Կոալիցիան չի կարող հաստատել ալ-Բաղդադիի վերաբերյալ ՌԴ-ի արած հայտարարությունը, նշել է հեռուստաալիքը: 

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ռուսական օդուժի հարվածով ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Նշվում է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում էին ԻՊ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, եւ մոտավորապես 330 ահաբեկիչներ: