«Եթե հայր Ալիեւը չլիներ, հայերը կգրավեին նաեւ Նախիջեւանը»

    • Քաղաքականություն - 15 Հունիսի 2017, 22:43
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի դեմ՝ պահանջելով ապահովել Թբիլիսիում առեւանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի իրավունքները:

Ադրբեջանական հասարակությունը շփոթվածության մեջ է՝ մի կողմից չի կարելի ընդունել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Թբիլիսիից մարդ են առեւանգել եւ անօրինական անցկացրել սահմանն առանց վրացական իշխանություններին տեղյակ պահելու, որովհետեւ կստացվի, որ Ադրբեջանը կարող է անպատիժ խախտել ինքնիշխան սահմանները:

Մյուս կողմից, չի կարելի ասել, որ Վրաստանի իշխանություններն օգնել են, որովհետեւ կստացվի, որ Վրաստանը, որի հետ Եվրամիությունն անվիզա հաղորդակցություն է հաստատել, չի կարող ապահովել արտասահմանցիների, առավել եւս լրագրողների իրավունքներն ու անվտանգությունը: Վրաստանը հերքում է առեւանգմանը մասնակցությունը:

Կարծիք կա, որ Մուխթարլըին «գողացել է» մի ադրբեջանցի գործարար, որ «դուր գա» Ալիեւին եւ փակի մեծ պարտքերը: Եթե այդպես է, ապա նա շատ վատ ծառայություն է մատուցել Ալիեւին:

Էլ ավելի անհարմար դրության մեջ են հայտնվել ադրբեջանցի լրագրողները: Նրանք չգիտեն, թե ինչպես գրել սեփական երկրի ակնհայտ ձախողումների մասին եւ չմեղադրել Ալիեւին: Մուխթարլըն միայն մի դեպքն է: Մինչ այդ Միջպետական բանկի պատմությունն էր, որն իշխանության մեղքով սնանկացել է: Բայց պետք է գրել, որ մեղավոր են բոլորը, բացի Ալիեւից:

Դրանից առաջ Կիպրոսի պատմությունն էր: Կիպրոսի արտաքին գործերի նախարարն ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարարին եւ ասել, որ Ղարաբաղը պատմական հայկական հող է: Ադրբեջանը փորձեց հերքում ստանալ, սակայն այդպես էլ չեղավ:

Ադրբեջանցի լրագրողները չգիտեին ինչպես վարվել նախագահի կնոջն առաջին փոխնախագահ նշանակելու հետ: Մի կողմից բոլորը հասկանում են, որ դա «սիրուն չէ», իսկ մյուս կողմից՝ մի՞թե Ալիեւին դեմ կգնաս: Ադրբեջանի լրագրողներն էլ հիշել են Բրեժնեւի կառավարման ուշ ժամանակների ոճը, երբ գովասանքի ու փառաբանման խոսքերի տակ թաքնված է խորը հեգնանքն ու ծաղրանքը:

Երբ Բրեժնեւի մասին սկսեցին անեկդոտներ պատմել, պարզ դարձավ, որը ԽՍՀՄ վերջը մոտ է: Հիմա էլ Ադրբեջանում նույնպես կարելի է նկատել վերջի գալուստը: Ադրբեջանական հասարակությունից կախված կլինի, թե ինչպիսին կլինի վերջը՝ դանդաղ ու ցավոտ, թե ընդհակառակը՝ առողջացնող:

Ալիեւն առայժմ մնում է հոր հեղինակության շնորհիվ, սակայն այդ կապիտալն էլ մոտ է սպառմանը: Թբիլիսիում ներկ են լցրել ավագ Ալիեւի արձանի վրա: Երեկ էլ նրա որդին, խոսելով Ղարաբաղում կորուստների մասին, ասել է, որ եթե հայր Ալիեւը չլիներ, հայերը կգրավեին նաեւ Նախիջեւանը: Այսինքն, Ալիեւը փորձում է համոզել սեփական հանրությանը բավարարվել եղածով եւ չմոռանալ երախտիք հայտնել Հեյդարին:

Որքա՞ն ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի հավատալ: Լրագրողների աշխատանքներում հեգնանքը ցույց է տալիս, որ Ալիեւին շուտով կսկսեն հարցեր տալ:

Ամենաընթերցվածը