Ադրբեջանում քաոս է. Վտանգավոր իրավիճակ

    • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 20:04
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է սահմանային մշտադիտարկման եւ հեռահար հետախուզության սարքավորումներով ստացված հերթական տեսանյութը, ուղեկցելով տեղեկությամբ, որ ադրբեջանական զինուժը արկակոծել է իր իսկ դիրքերը:

Մինչ այդ, տարածվել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությանը, որում համանախագահներն առաջին անգամ հասեցական նշել էին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարն ու արձակել հրթիռ, ինչին հետեւել է հայկական կողմի պատասխանը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել էր, թե Ադրբեջանի բանակը գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող է անել ինչ ցանկանա:

Ըստ երեւույթին, ադրբեջանցիներն այդ հայտարարությունը գործով ապացուցելու համար էլ արկակոծել են իրենց իսկ դիրքերը, ցույց տալով, որ իսկապես՝ «ինչ ուզենք կանենք, կուզենք մենք մեզ կարկակոծենք»:

Իրավիճակն իհարկե զավեշտալի կլիներ, սակայն  Ադրբեջանի հետ կատակել թերեւս պետք չէ, առավել եւս, երբ այդ երկրում իսկապես կատարվում են տարօրինակ բաներ: Ադրբեջանը կամ իրավիճակի անկառավարելիություն է իմիտացնում, կամ իրավիճակն այդ երկրում իսկապես դուրս է գալիս կառավարումից, ինչով էլ պայմանավորված է սեփական դիրքերի արկակոծման փաստը:

Դժվար է ասել, անկառավարելիությունը հասել է Բաքու, թե միայն սահմանային գոտում է, կամ Բաքվից է արդեն հասել սահմանային գոտի, բայց դա հայկական կողմի համար ամենեւին չպետք է լինի զվարճության առիթ, այլ հակառակը: Առավել եւս, որ խոսքը կարող է վերաբերել պարզապես անկառավարելիության իմիտացիայի կամ այսպես ասած «կազմակերպված քաոսի» մասին, որ նախաձեռնում է Ալիեւը: Այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսելու մասով:

Հնարավոր է, որ այդ նախաձեռնության շարժառիթը Արցախի խնդիրը չէ, այլ Ադրբեջանի ներքին տնտեսական եւ իշխանական վիճակը: Բացառված չէ, որ Ալիեւը այդ քաոսը իմիտացնում է միջազգային հանրության աջակցություն ստանալու համար, հակառակ դեպքում սպառնալով, որ Ադրբեջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Այդպես Ալիեւը գուցե փորձում է վերականգնել իր «կարեւորությունը»:

Համենայն դեպս, տեղի ունեցող տարօրինակությունը պահանջում է զգոնություն: Վերջին հաշվով, բացառված չէ, որ Ալիեւը «քաոսի» տեխնոլոգիային է դիմում այն բանից հետո, երբ վերջին շրջանում լրջագույն խնդիրների է բախվում իր այսպես կոչված ռազմական դիվանագիտության կենսունակության եւ կիրառելիության հարցում, հանդիպելով թե հայկական զինուժի դիմադրությանը, թե միջազգային հանրությանը ճնշմանը՝ հրադադարի մեխանիզմների ներդրման առումով:

«Ռազմական դիվանագիտության» հաճախակիացած խափանումը Ալիեւին գուցե ստիպում է անցնել «քաոսի իմիտացիայի», սեփական այսպես ասած սուբյեկտությունն այդ միջոցով պահելու համար:

Ամենաընթերցվածը