Հայաստանը չտեսնելու է տալիս ԱՄՆ հայանպաստ քայլերը

    • Քաղաքականություն - 19 Մայիսի 2017, 19:05
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ միջադեպը լիովին փոխել է Թուրքիայի ընկալումն ամերիկյան իսթեբլիշմենթի կողմից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահներն ու թուրք ազգայնականները դաժան ծեծի են ենթարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ակցիա անցկացնող քրդերի, հայերի, եզդիների և այլ ազգությունների ներկայացուցիչներին, որոնք ավտոխտոն են ժամանակակից Թուրքիայում:

Սենատոր Ջոն Մաքքեյնը կոշտ արձագանքել է Էրդողանի պահվածքին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն թույլ չի տա օտար կառավարություններին Ամերիկայի տարածքում ճնշել քաղաքացիների ազատությունները: Նա կոչ է արել արտաքսել Թուրքիայի դեսպանին: Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտը բացատրություն է պահանջել Թուրքիայի ԱԳՆ-ից:

Հայաստանի ԱԳՆ-ն կամ էլ իրենց ազգայնական համարող կուսակցություններ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չեն մեկնաբանել այս միջադեպը:

Հայաստանը անտարբերություն է ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչ ԱՄՆ-ն ձեռնարկում է Թուրքիայի դեմ կամ Հայաստանի օգտին: Հայաստանը դժկամորեն է ընդունել Ղարաբաղում շփման գծում մոնիտորինգի միջոցներ տեղակայելու ամերիկացի 85 կոնգրեսականների նախաձեռնությունը: Հայաստանը նույն դժկամությունը ցույց տվեց անցյալ տարվա աշնանն ԱՄՆ-ում կազմակերպված ներդրումային համաժողովին, որին անսպասելի մասնակցեց ԵՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանը եւ փաստացի հայտարարեց, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի ցանկացած համագործակցություն կարող է լինել միայն ԵԱՏՄ միջոցով:

Հայաստանի կառավարությունը չի արձագանքել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությանը, ով ասել է, որ ԱՄՆ խոշոր էներգետիկ ընկերությունները պատրաստ են Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հարցում 8 միլիարդ դոլար ներդրում անել: Հայաստանի իշխանությունից եւ ընդդիմությունից ոչ ոք այդ առթիվ չի արտահայտվել եւ չի ասել, որ Հայաստանը պատրաստ է պայմաններ երաշխավորել ներդրումների համար:

Այժմ էլ Հայաստանը չի արձագանքում կոշտ քաղաքական միջադեպին, որը կարող է փոխել ԱՄՆ ու Թուրքիայի հարաբերությունները, հետեւաբար նաեւ հայկական հարցի նկատմամբ վերաբերմունքը:

Ամերիկյան լրատվամիջոցները գրեթե ամեն օր վերլուծական հոդվածներ են հրապարակում այն մասին, որ անկախ Քուրդիստանի ստեղծումը մոտ է, եւ Թուրքիան ոչ առանց հիմքերի վախենում է փլուզումից: Ընդ որում, քրդերից բացի, այս գործընթացի «շահառուների» թվում են նշվում նաեւ հայերը:

Հայերը, սակայն, համառորեն լռում են՝ չցանկանալով արձագանքել ԱՄՆ քայլերին: Ամերիկացի վերլուծաբանները բացահայտ խոսում են, որ Երեւանը մերժում է ամերիկյան առաջարկները, քանի որ համարում է, որ դրանք հակասում են ռուսական շահերին: ԱՄՆ մի կողմից չի հասկանում, թե ինչպես կարող է մի երկիր առաջնորդվել ուրիշ երկրի շահերով՝ անտեսելով սեփականը, իսկ մյուս կողմից Վաշինգտոնը ձգտում է ուշադրություն չդարձնել Հայաստանի իշխանություններին՝ առաջ տանելով իր նախաձեռնությունները:

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի ընկերների խումբը գործնականում ամբողջ կազմով այն կոնգրեսականների թվում են, որոնք պահանջում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոշտացում: Պաշտոնական Երեւանը հենց այդ պատճառով է լռության մատնում ԱՄՆ նախաձեռնությունները, որոնք կարող են ձեռնտու լինել Հայաստանին: Երեւանը չի կարող բացահայտ մերժել այդ նախաձեռնությունները եւ գերադասում է լռել:

Ավելին, Երեւանը շարունակում է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ՝ կարծես թե թաքնվելով նրա փեշի տակ: Երեկ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց Վալերի Պերմյակովին, որը Գյումրիում մի ամբողջ ընտանիքի է սպանել:

Ամենաընթերցվածը