Նախագահական ընտրություններ Իրանում

  • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 17:57
Մայիսի 19-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական 12-րդ և տեղական խորհուրդների 5-րդ ընտրությունները: Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրում բոլոր մակարդակի ընտրություններն կազմակերպում է Ներքին գործերի (ՆԳ) նախարարությունը: Սահմանադրության 99-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական, խորհրդարանական, բանիմացների ժողովի (Սահմանադիր ժողով) ընտրությունները և հանրաքվեն վերահսկում է Սահմանադրության պահապան խորհրդը (ՍՊԽ), իսկ տեղական ընտրությունները՝ խորհրդարանը:

ՍՊԽ-ը ստեղծվել է Սահմանադրության 91-րդ դրույթի համաձայն, որպեսզի վերահսկի խորհրդարանում ընդունված օրինագծերի համապատասխանությունն իսլամական օրենքներին և Սահմանադրությանը: Սահմանադրության 91-99-րդ հոդվածները վերաբերվում են ՍՊԽ-ին: 93-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանն առանց ՍՊԽ-ի օրինական չէ: Իսկ ըստ 94-րդ հոդվածի՝ խորհրդարանի հաստատած բոլոր օրինագծերը չեն կարող օրենքի ուժ ստանալ, քանի դեռ ՍՊԽ-ը չի հաստատել: Բացի այդ Սահմանադրության մեկնությունը ևս ՍՊԽ-ի գործառույթներից է, որը հաստատվում է անդամների ¾-ի ձայներով: ՍՊԽ-ը գլխավորապես կազմված է լինում պահպանողական թևի ներկայացուցիչներից, ուստի համարվում է նրանց հզոր լծակներից, մասնավորապես ընտրությունների ժամանակ:

Նշենք, որ մինչև 1995թ. ՍՊԽ-ն ընտրություններին իրականացնում էր Սահմանադրությամբ իրեն վերագրված վերահսկողության գործառույթը: Սակայն 1991թ. ՍՊԽ-ը մեկնաբանելով Սահմանադրության 99-րդ հոդվածը, որը վերաբերվում է այդ մարմնի ընտրությունները վերահսկելու գործառույթին, իրեն վերագրեց վավերիչ (վավերացնող) դեր, ինչը նշանակում է, որ այն իրավասու է վերահսկել ընտրությունների բոլոր փուլերը, իսկ թեկնածուների համապատասխանությունը կարող է մերժել անգամ նրանց ընտրվելուց հետո: Եվ, ահա, 1995թ. 5-րդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում պահպանողականները, հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն ՍՊԽ-ն ունեցավ վավերիչ-վերահսկողի գործառույթ: ՍՊԽ-ի մեկնությամբ՝ այդ օրենքով իր որոշումների համար ոչ մի կառույցի և ոչ մեկի առջև պատասխանատու չէ: Այն չեղարկելու համար բարենորոգչական կողմնորոշմամբ ուժերի գործադրած ջանքերն առ այսօր անցել են ապարդյուն:

ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՑ ՄՆԱՑ

Իրանի նախագահական ընտրություններում առկա է նաև վիճահարույց մեկ այլ հարց՝ իգական սեռի՝ որպես թեկնածուի մասնակցությունը: Նախագահի ընտրության վերաբերյալ Սահմանադրության 115-րդ հոդվածում նշվում է, որ նախագահ պետք է ընտրվի համապատասխան տվյալներով հոգևորական և քաղաքական գորրծիչներից: Գործչի համար կիրառվել է արաբերեն «ռաջոլ» եզրույթը, որը բառացի նշանակում է տղամարդ, սակայն քաղաքական գրականության մեջ դա օգտագործվում է «գործիչ, երևելի» իմաստով: Հանգամանք, որը նախագահական վերջին 4-5 ընտրություններին պահպանողականների կամ սկզբունքայինների և բարենորոգչական հոսանքների միջև լուրջ տարաձայնությունների առիթ էր դառնում, քանզի ՍՊԽ-ը հակված է այն տղամարդ մեկնաբանելուն և դեմ է հանդես գալիս կանանց առաջադրմանը: Հետևաբար, թեև բարենորոգչական հակումներով կին քաղաքական գործիչներ էին առաջադրվում, սակայն նրանց թեկնածությունը, քննարկման առարկա չդառնալով, մերժվում էր:

2017թ. ընտրություններում, սակայն, թվում էր, թե այդ հարցը լուծված է: 2016թ. հոկտեմբերի 28-ին երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ցուցումով՝ ՍՊԽ-ը հոգևոր կենտրոնների, համալսարանների հետազոտողներին ու գիտնականներին, իրավաբաններին, քաղաքագետներին, քաղաքական ու կուսակցական գործիչներին հրավիրել էր ուսումնասիրելու այդ հարցը: Իսկ ընթացիկ տարվա հունվարի 5-ին ՍՊԽ-ի խոսնակ Աբբաս Ալի Քյադխոդային նշել էր, թե կանանց համար նախագահի թեկնածու առաջադրվելու որևէ խնդիր չկա, նրանք կարող են առաջադրվել ինչպես տղամարդիկ1:

Այս առնչությամբ հատկանշական է Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից չափավորական հոսանքի եթե ոչ հիմնադիր, ապա հանրահայտ ներկայացուցիչ, Իրանի նախկին նախագահ հանգուցյալ Ալի Աքբար Ռա‎ֆսանջանիի տեսակետը, ով մասնակցություն է ունեցել Սահմանադրության մշակման գործին:

Նա 2016թ. նոյեմբերի 14-ին բարենորոգչական կողմնորոշմամբ «Արման» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, թե «ռաջոլ» նաև իգական սեռին է վերաբերում: Նա հավելել է նաև, երբ հեղափոխության խորհուրդը մշակում էր Սահմանադրության նախագիծը, այդ ոչ հստակ եզրույթն ընտրեց՝ հաշվի առնելով, որ տվյալ ժամանակահատվածում կին նախագահ ունենալը նպատակահարմար չէր, սակայն այն միաժամանակ չի ժխտում իգական սեռի մասնակցությունն ընտրություններին:

Ավելի ուշ Քադխոդային «Farsnews» գործակալությանը տված հարցազրուցում նշել էր, թե «ռաջոլ» եզրույթի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հանձնված են ՍՊԽ-ը հետազոտությունների կենտրոնին, որտեղ դրանք ուսումնասիրվում են, և եթե որևէ եզրակացություն արվի, կհայտարարվի: Այլ կերպ ասած՝ այդ հարցը մնաց բաց, քանի որ նշանակում էր, թե գործում է նախկին մեկնությունը:

Ավելին, ապրիլի 10-ին, երբ սկսվեց նախագահի թեկնածուների գրանցումը, ՆԳ նախարարությունում գտնվող ընտրությունների գլխավոր շտաբում ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարեց, թե «ռաջոլ» եզրույթի վերաբերյալ առ այսօր արված մեկնության համաձայն՝ իգական սեռը թեկնածության իրավունք չունի: Այսուհանդերձ, առաջադրված 1636 թեկնածուներից 137-ը կանայք էին՝ հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք բարենորոգչական կողմնորոշում ունեին, ինչպես նաև պատահական ու անհայտ անձինք: Նրանցից շատերն ի նշան բողոքի էին մասնակցել ՍՊԽ-ի «ռաջոլ» եզրույթի մեկնությանը: Ըստ երևույթին, այդ հարցը կլուծվի այն ժամանակ, երբ փոփոխություն տեղի կունենա ՍՊԽ-ի կազմում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ

Իրանի ընտրություններում մրցակցությունը տեղի է ունենում իսլամական վարչակարգի շրջանակներում առկա քաղաքական երկու գլխավոր՝ բարենորոգչական և պահպանողական հոսանքների միջև, որոնց շրջանակներում առկա են կուսակցություններ ու կազմակերպություններ: Այդ ուժերն անցյալ դարի 80-ականներից մինչև 90-ականների կեսերն անվանվում էին աջ և ձախ, այնուհետև՝ պահպանողականներ ու բարենորոգիչներ, իսկ 21-րդ դարի առաջին 10-ամյակի երկրորդ կեսից պահպանողականներն իրենց կոչեցին սկզբունքայիններ (Principalist):

Կա նաև չափավորական հոսանք, որը ձևավորվել է պահպանողական հոսանքում, մասնավորապես՝ Մարտնչող հոգևորականների հասարակայնություն կազմակերպության շրջանակներում, որին անդամակցել են ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին և Ռաֆսանջանին, որոնք քաղաքական հայացքներով ավելի մոտ են բարենորոգչականներին: Իսկ վերջինիս նախագահության երկրորդ ժամկետի (1993-97թթ.) երկրորդ կեսին նրա գլխավորած կառավարության շրջանակներում, որի անդամները գլխավորապես արհեստավարժ տեխնոկրատներ էին, սկսվեց ձևավորվել նոր հոսանք, որը հետագայում հայտնի դարձավ որպես Մոդեռն աջերի հոսանք, որը գրեթե սերտաճած էր Մարտնչող հոգևորականների հասարակայնություն կազմակերպության հետ:

1995թ. խորհրդարանի 5-րդ գումարման ընտրությունների նախաշեմին, երբ տարաձայնություններն ավելի խորացան, Մոդեռն աջերն անջատվեցին և ձևավորեցին Կառուցողականության գործակալների կուսակցությունը, որը որդեգրել է արտաքին և ներքին քաղաքականությունում լարվածության վերացման, տեխնոկրատության կարևորման, տնտեսական զարգացման և սեփականաշնորհման քաղաքականություն:

Այն համարվում է երկրի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, որը 1997թ. նախագահական ընտրություններին պաշտպանել է բարենորոգչական կողմնորոշմամբ Մոհամեդ Խաթամիին, 2005թ.՝ Ռաֆսանջանիին՝ ընդդեմ Ահմադինեժադի, իսկ 2013թ. չափավորական Հասան Ռոուհանիին: 2017թ. կրկին պաշտպանելու է նրան:

2017թ. նախագահական ընտրություններին ընդառաջ պահպանողականները լայն համախմբում ապահովելու նպատակով քաղաքական նոր կազմակերպություն ձևավորեցին Իսլամական հեղափոխության ժողովրդական ուժերի ճակատ (ԻՀԺՈՒՃ) անվամբ, ինչի մասին հայտարարությամբ հանդես եկան 2016թ. դեկտեմբերի 25-ին: Նշյալ կազմակերպությանն անդամակցում են այդ հոսանքի և դրան հարող հանրաճանաչ քաղաքական գործիչներ:

ԻՀԺՈՒՃ-ի անդամ միակ թեկնածուն Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆն է: Այլ կերպ ասած՝ համախմբումն այդ ձևով և այդ պահին չստացվեց: Թեև ԻՀԺՈՒՃ-ը պաշտպանում է նաև պահպանողական թևի մյուս թեկնածուներին, սակայն, ի տարբերություն բարենորոգիչների՝ պահպանողական թևի թեկնածուների միջև ևս մրցակցություն կա: ԻՀԺՈՒՃ-ից զատ պահպանողական թեկնածուները վայելում են նաև Իսլամական կոալիցիոն կուսակցության, Դիմադրության ճակատի և Ղոմի կրոնագիտական դասախոսների հասարակություն կազմակերպության աջակցությունը:

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Ապրիլի 15-20-ը ՍՊԽ-ը, ուսումնասիրելով առաջադրված 1636 թեկնածուի համապատասխանությունը, հաստատել է 6-ին, որոնցից 3-ը պահպանողական թևի ներկայացուցիչ են, մյուս 3-ը, կարելի է ասել, չափավորական են, քանի որ առաջադրված ոչ մի բարենորոգչականի թեկնածություն չի հաստատվել: Ապրիլի 21-ից սկսվել է թեկնածուների քարոզարշավը և շարունակվելու է մինչև մայիսի 17-ը: Չափավորական-բարենորոգչական հոսանքների թեկնածուները հետևյալներն են.

ՀՈՋԱԹՈԼԷՍԼԱՄ ՀԱՍԱՆ ՌՈՈՒՀԱՆԻ

Գործող նախագահ Հասան Ռոուհանին ծնվել է 1948թ. նոյեմբերի 11-ին, մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մագիստրոսի, ապա դոկտորական աստիճանները ստացել է Գլազգոյի Կալեդոնյան համալսարանում (Glasgow Caledonian University):

Նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել օրենսդիր, դատական և գործադիր իշխանություններում: Հինգ անգամ եղել է խորհրդարանի անդամ, ընդ որում՝ 4-րդ և 5-րդ գումարման խորհրդարաններում՝ փոխնախագահ: Եղել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, Ռադիոհեռուստատեսության կառավարման խորհրդի անդամ, այժմ էլ Սահմանադիր ժողովի անդամ է: Քաղաքական կողմնորոշումը չափավորական է: Նրա թեկնածությունը պաշտպանում են բարենորոգչական հոսանքի քաղաքական ուժերը՝ Բարենորոգիչների գերագույն խորհուրդը, Չափավորականություն և զարգացում կուսակցությունը, Մոդեռն աջերը՝ հանձինս Կառուցողականության գործակալների կուսակցության և բարենորոգիչ-չափավորական հայտնի գործիչների:

Բարենորոգիչ նախագահ Մոհամեդ Խաթամին ընտրողներին կոչ է արել մասնակցել ընտրություններին և քվեարկել հօգուտ Ռոուհանիի: Նշենք, որ բարենորոգիչների հաջողությունը գլխավորապես պայմանավորված է, ինչպես Իրանում անվանում են, «գորշ ընտրողներով», այսինքն ոչ ակտիվներով, որոնք բարենորոգչական հակումներ ունեն: Քանի որ պահպանողականների կողմնակիցները հավատարիմ ընտրողներ են, թերևս հենց այս հանգամանքով պետք է բացատրել, որ նրանք հաջողության են հասնում, երբ մասնակցությունը մեծ չի լինում: Խորհրդարանի փոխխոսնակ չափավորական Ալի Մոթահարին ևս, ընտրողներին կոչ անելով քվեարկել հօգուտ Ռոուհանիի, շեշտել է, թե դա անհրաժեշտություն է, քանի որ հաշվի առնելով ԱՄՆ-ի նոր վարչակազմի նոր քաղաքականությունը՝ բացառված չէ, որ Ռոուհանիի մրցակիցների հաջողության դեպքում երկիրը կներքաշվի պատերազմի մեջ:

 

Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չնայած կարծիք չի հայտնել թեկնածուների վերաբերյալ, սակայն Ռոուհանիի կողմնակիցներից է: Թեև քարոզարշավի ողջ ընթացքում նա պահպանողականների հարձակումների թիրախն էր, նրանց պատկանող ԶԼՄ-ների քննադատության առարկան, բայց և այնպես քարոզարշավը կարելի է համարել հաջողված մասնավորապես 2-րդ և 3-րդ հեռուստաբանավեճերի ընթացքում:

ԷՍՀԱՂ ՋԱՀԱՆԳԻՐԻ ՔՈՒՀՇԱՀԻ

Էսհաղ Ջահանգիրի Քուհշահին ծնվել է 1957թ., ավարտել է Քերմանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Մագիստրատուրան ավարտել է Թեհրանում՝ արտադրության կառավարչի մասնագիտությամբ, ապա ստացել է նույն մասնագիտության դոկտորի աստիճան: Եղել է խորհրդարանի 2-րդ և 3-րդ գումարման անդամ: Ռաֆսանջանիի նախագահության օրոք նա եղել է Սպահանի նահանգապետ, Մոհամեդ Խաթամիի նախագահության երկու ժամկետում՝ արդյունաբերության ու հանքերի նախարար: Այժմ նախագահ Ռոուհանիի առաջին տեղակալն է: Նա մոդեռն աջ է, Կառուցողականության գործակալների կուսակցության հիմնադիրներից ու դրա կենտրոնական խորհրդի նախագահը: Ջահանգիրին գործադիրում, թերևս, բոլոր թեկնածուներից ամենափորձառուն է:

Ջահանգիրիի առաջադրվելու կապակցությամբ հիմնականում տարածված էր այն կարծիքը, թե քարոզարշավի ընթացքում աջակցելու է Ռոուհանիին, ապա հօգուտ նրա դուրս է գալու պայքարից: Բայց իրականում նրա քայլը պայմանավորված էր նաև ՍՊԽ-ի կողմից նախագահ Ռոուհանիի թեկնածության հնարավոր մերժումով, քանի որ այդ մասին լուրջ խոսակցություններ կային: Նա կարող է սկզբունքայինների համար լինել լուրջ մրցակից: Թերևս հենց նման հանգամանքով պետք է մեկնաբանել պահպանողականների քննադատությունները նրա առաջադրվելու առնչությամբ:

Ավելին, Ռադիոհեռուստատեսության վերահսկիչ խորհրդի անդամ Ջավադ Լարիջանին հայտարարել էր, թե Ջահանգիրին իրավունք չունի մասնակցելու թեկնածուների՝ ուղիղ եթերում տրվող հեռուստաբանավեճին: Իսկ Իսլամական կոալիցիոն կուսակցության փոխնախագահ Բադամչյանը, նշելով, որ նրա առաջադրվելն իր նպատակին չի ծառայելու, շեշտել էր, թե դա ի վնաս Ռոուհանիի է: Սակայն, ինչպես նա է շեշտում, առաջադրվել է որպես բարենորոգիչների թեկնածու, երբ նրանցից որևէ թեկնածու չի հաստատվել:

Մինչդեռ քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ դա լիովին ծառայեց իր նպատակին, մասնավորապես ուղիղ եթերով թեկնածուների 3 բանավեճերի ժամանակ նա հաղթողներից էր: Ավելին, առաջին բանավեճից հետո, որը նվիրված էր հասարակական ու մշակութային հարցերին, հաղթողը, վերլուծաբանների կարծիքով, հենց Ջահանգիրին էր: Նա ապացուցեց Ռայիսիի ու Ղալիբաֆի՝ աշխատատեղեր ստեղծելու և տարբեր տեսակի զգալի չափով նպաստներ, այդ թվում՝ գործազրկության նպաստ տրամադրելու խոստումների անհիմն լինելը: Ահա թե ինչու որոշ վերլուծաբաններ, ինչպես օրինակ Մաջիդ Մոհամեդին, իրատեսական էին համարել, որ Ռոուհանին հօգուտ Ջահանգիրիի հեռանա մրցապայքարից (արդեն հայտնի է դարձել, որ Ջահանգիրին հանել է իր թեկնածությունը):

ՍԵՅԵԴ ՄՈՍԹԱՖԱ ՀԱՇԵՄԻԹԱԲԱ

Սեյեդ Մոսթաֆա Հաշեմիթաբան ծնվել է 1945թ.: 1980-ականներին եղել է Արդյունաբերության նախարար, այնուհետև՝ ֆիզիկական պատրաստվածության վարչության պետ, Իրանի օլիմպիական կոմիտեի նախագահ: 2001թ. ևս մասնակցել է նախագահական ընտրություններին, 10 տոկոս ձայնով զբաղեցրել է վերջին՝ 10-րդ տեղը: Նա համարվում է անկախ թեկնածու, սակայն առավել հակված է դեպի բարենորոգիչները: Հաշեմի Թաբայի ընտրվելը, թերևս, անհավանական է, բայց նա հայտարարել է, թե ձայնը տալու է Ռոուհանիին, սակայն չի հեռանալու մրցապայքարից:

ՀՈՋԱԹՈԼԷՍԼԱՄ ԷԲՐԱՀԻՄ ՌԱՅԻՍԻ

Պահպանողական թևի գլխավոր ներկայացուցիչը համարվում է տնտեսական հսկա Մեշհեդի սուրբ Ռեզայի սրբավայրի ունեցվածքի խնամակալ Հոջաթոլէսլամ Էբրահիմ Ռայիսին: Նա ծնվել է 1960թ., կրթությունը հիմնականում կրոնական է: Զբաղեցրած պաշտոնները գլխավորապես եղել են դատական իշխանության ոլորտում: Եղել է տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանի, ապա երկրի դատախազը: Զբաղեցրել է նաև դատական իշխանության փոխնախագահի պաշտոնը:

Ռայիսին հակված է իսլամական հեղափոխությունը տարածել նաև տնտեսության ու այլ ոլորտներում, ինչպես նաև համալսարանների իսլամականացմանը: Իրեն համարում է անկախ թեկնածու, թեև ԻՀԺՈՒՃ-ը պաշտպանում է նրա թեկնածությունը: Դեռևս ՍՊԽ-ի կողմից հաստատված թեկնածուների ցուցակը չհրապարակված՝ նա դիմել էր ռադիոհեռուստատեսության ղեկավարությանը, պահանջել Ռոուհանիին չցուցադրել, որպեսզի ապահովվեն քարոզչության հավասար պայմաններ:

Սա այն դեպքում, երբ բարենորոգիչները նրան մեղադրում են սրբավայրի հնարավորությունները չարաշահելու, երկրի հարավի չքավորներին «օրհնված» ալյուր բաժանելու համար՝ համեմատելով նույն նպատակով Ահմադինեժադի կողմից կարտոֆիլ բաժանելու հետ: Սակայն «օրհնած» ալյուրը միակ հարցը չէ, որ Ռայիսիի շուրջ աղմուկ բարձրացրեց:

Ավելի աղմկահարույց էր ապրիլի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մահմեդականների հարցերով ներկայացուցիչ, Թաթարստանի նախագահ Ռուտամ Մինիխանովի հետ հանդիպումը: Քանի որ Ռայիսին և, ընդհանրապես, պահպանողականները, այդ թվում՝ ռազմատնտեսական հսկա  Հեղափոխության պահապան գվարդիան ոչ միայն խիստ հակաարևմտյան դիրքորոշում ունեն, այլև  հակված են դեպի Ռուսասատան, վերոհիշյալ հանդիպումը լայն արձագանք ունեցավ իրանական ԶԼՄ-ներում: Բարենորոգիչները, քննադատելով հանդիպումը, այն գնահատեցին Ռուսաստանի միջամտություն նախագահական ընտրություններին:

Խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Ալի Ռեզա Ռահիմին ԱԳ նախարարությունից բացատրություն էր պահանջել՝ նշելով, որ Ռայիսին Մինիխանովի հետ հանդիպել է որպես նախագահի թեկնածու: Խաթամիի կառավարության խոսնակը, հանդիպումը բացատրելով Ռայիսիի փորձառության պակասով, նշել էր, թե դրա համար պետք չէ նրան խիստ քննադատել, միաժամանակ նախազգուշացրել էր Ռուսաստանի՝ Իրան հնարավոր «ներթափանցման» մասին: Մինչդեռ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճագարյանը, դեռևս ընթացիկ տարվա փետրվարին հերքել էր տարածված այդօրինակ ասեկոսեները և շեշտել, թե Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտելու նախագահական ընտրություններին՝ հավելելով, թե ով էլ ընտրվի, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները շատ լավ կլինեն: Նման հայտարարությունը հաճախ պայմանավորվում է դեռևս 2016թ. նոյեմբերին «Ալ մոնիթոր» կայքում հրապարակված ռուս վերլուծաբանի հոդվածով, որտեղ նա նշել է, թե Ռուսաստանի շահերին համահունչ կլինի պահպանողական նախագահի ընտրվելը:

Ռայիսին խոստանում է լուծել գործազրկության հարցը, հաստատել սոցիալական արդարություն, արգելափակել մաքսանենգ ապրանքների մուտքը երկիր: Նա թեև խոսել է մշակված ծրագրի մասին, սակայն չի հրապարակել: Ավելի ուշ ասել է, թե արդյոք երկրի խնդիրը ծրագիր գրելն է, որ ոմանք նստեն ու գրեն:

Նա, հայտարարելով, որ ընտրություններում որևէ լուրջ մրցակից չունի, ընդգծել է, թե գալիս է, որպեսզի վերացնի աղքատությունը, կոռուպցիան ու գործազրկությունը: Միաժամանակ շեշտել է, թե երկրում ջրի խնդիր չկա, այլ կա վատ կառավարում, սակայն թե ինչպես է այդ խոստումներն իրականացնելու, ծրագիր չի ներկայացնում: Այսուհանդերձ, նա սկզբունքայինների գլխավոր թեկնածուն է համարվում: Ավելին, հաշվի առնելով նախկին նախագահ Ահմադինեժադի կառավարության բազմաթիվ անդամների ներկայությունը Ռայիսիի նախընտրական շտաբներում՝ կարելի է ասել, թե Ահմադինեժադի կողմնակիցներն էլ քվեարկելու են հօգուտ նրա՝ չնայած Ահմադինեժադը հայտարարել է, թե որևէ թեկնածուի չի պաշտպանում: Նրան պաշտպանում են նաև Հեղափոխության պահապան գվարդիայի հրամանատարները: Ռայիսին քարոզարշավի ընթացքում, մանավանդ հեռուստաբանավեճերում, թույլ է հանդես եկել՝ երբեմն զիջելով նույնիսկ Միրսալիմին ու Հաշեմիթաբային: Այսուհանդերձ, հաշվի առնելով նրա թիկունքին կանգնած ուժերին՝ պետք է նշել, որ նա Ռոուհանիի գլխավոր մրցակիցն է:

ՄՈՀԱՄԵԴ ԲԱՂԵՐ ՂԱԼԻԲԱՖ

Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆն ԻՀԺՈՒՃ-ի անդամ է, ծնվել է 1961թ., մասնագիտությամբ աշխարհագրագետ և օդաչու է: Նա գեներալ է, զորահրամանատար, մասնակցել է 2005թ. նախագահական ընտրություններին, 2013թ. դարձյալ մրցակցում էր Ռոուհանիի հետ: Հայտարարել էր, թե մտադիր չէ որևէ մեկի օգտին հեռանալ մրցակցությունից: Թեև 2016թ. խորհրդարանական ընտրություններին նա առաջադրվել է Թեհրանից, սակայն չի ընտրվել, ձայների քանակով զիջել է բարենորոգիչների ցանկի վերջին տեղը զբաղեցնողին: Նա խոստանում էր գործազուրկներին շուրջ 70 դոլարի չափ նպաստ հատկացնել, 4 տարվա ընթացքում 5 միլիոն աշխատատեղ ստեղծել, երկրի բյուջեն կրկնապատկել, ինչը նշանակում է տնտեսական 26 տոկոսի աճ, որը, թերևս, անհնարին է: Ղալիբաֆը ջանք չէր խնայում դառնալու պահպանողականների գլխավոր թեկնածուն: Սակայն, ըստ երևույթին, հասկացավ, որ հնարավորությունները խիստ համեստ են և հօգուտ Ռայիսիի՝ մայիսի 25-ին ԻՀԺՈՒՃ-ի կենտրոնական խորհրդի նիստում հեռացավ ասպարեզից: Միաժամանակ հայտարարեց, թե պայքարը նոր է սկսվում, և հանուն անկարող կառավարությանը պարտության մատնելու կյանքն էլ չի խնայի: Սա այն դեպքում, երբ Ջահանգիրիի թեկնածությունը Ռուհանիի կողքին նա համարում էր ընտրությունների «տարօրինակություններից», որը կլուծվի մի քանի օրից: Թեև առաջին սոցհարցումների արդյունքների համաձայն՝ նա Ռայիսիից առաջ էր, իսկ հեռուստաբանավեճերի ընթացքում՝ պահպանողականների ամենաակտիվ և ամենահաջողակ թեկնածուն, այսուհանդերձ, նրան չհաջողվեց դառնալ պահպանողականների գլխավոր թեկնածուն, ուստի առ ժամանակ մրցակցելով Ռայիսիի հետ՝ ի վերջո հեռացավ հօգուտ նրա: Եթե Ռայիսին հաջողության հասնի, ինչի հավանականությունը մեծ չէ, ապա Ղալիբաֆը նրա «Աշխատանք և վեհանձնություն» կառավարությունում կարևոր տեղ է զբաղեցնելու, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ դառնալու է նախագահի առաջին տեղակալ:

ՍԵՅԵԴ ՄՈՍԹԱՖԱ ՄԻՐՍԱԼԻՄ

Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմը ծնվել է 1947թ. Թեհրանում, մասնագիտությամբ ինժեներ է, ավարտել է Ֆրանսիայի Պուատիեի համալսարանի մագիստրատուրան՝ մեխանիկի մասնագիտությամբ: Նա սկզբունքայինների ամենաազդեցիկ կազմակերպության՝ Իսլամական կոալիցիոն կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահն է և առաջադրվել է կուսակցության կողմից:

Միրսալիմը հեղափոխության առաջնորդի նախագահության ժամանակ եղել է գործերի կառավարիչ, պաշտոնավարել է նաև որպես Մշակույթի նախարար, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղար, ՆԳ փոխնախարար և այլն: Նա խիստ կարևորում է օրենքի կատարումը: Մյուս երկու պահպանողականների համեմատությամբ Ռոուհանիի կառավարության հասցեին նրա քննադատությունները համեմատաբար ավելի մեղմ են: Միրսալիմը որպես նախագահ իր առաքելությունը տեսնում է ժողովրդին ծառայելու, ոչ թե ղեկավարելու, նրա սահմանադրական իրավունքները վերականգնելու, աղքատությունը վերացնելու մեջ, ինչն իրականացնելու է բարոյական, ազնիվ ու նվիրյալ կառավարություն ձևավորելով: Նրա ընտրվելու հավանականությունն աննշան չէ:

Նշենք, որ պահպանողական թեկնածուների քարոզարշավը գլխավորապես պոպուլիստական բնույթ ուներ: Նրանք ձգտել են բազում ոչ իրատեսական խոստումներով իրենց կողմը գրավել ընտրողների ուշադրությունը: Հանգամանք, ինչի պատճառով խորհրդարանի հետազոտությունների կենտոնի տնօրեն Քազեմ Ջալալին հանդես էր եկել Ղալիբաֆին ուղղված նախազգուշական նամակով: Նա շեշտել էր, որ, եթե ընտանեկան նպաստը ոչ թե եռապատկվի, ինչպես խոստանում է, այլ կրկնապատկվի, ապա էներգակիրների, այդ թվում՝ բենզինի գինը եռապատկվելու է, ինչը հանգեցնելու է արժեզրկման:

Հատկանշական է նաև, որ մայիսի 12-ին իրանական www.khabaronline.ir կայքը հրապարակել է իրանցիներին ուղղված բուհերի ու գիտական կենտրոնների տնտեսագետների բաց նամակը, որտեղ շեշտվել է, թե իրենք չեն հարում որևէ քաղաքական ուժի, ապա նախազգուշացրել են այն վտանգների մասին, որոնք կհետևեն թեկնածուների «պատրանքային ու աստղաբաշխական» խոստումների իրականացմանը14: Ըստ ամենայնի նրանց նախազգուշացումը վերաբերվում էր Ռայիսիի և Ղալիբաֆի խոստումներին, քանի որ բարենորոգիչները և պահպանողական Միրսալիմը փող բաժանելու խոստումներ չէին տվել: Բարենորոգչական-չափավորական թևն ավելի շատ պաշտպանել է կառավարության 4 տարվա ձեռքբերումները և խոստացել շարունակել սկսածը, ավելին անել, ինչի հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ:

Ղալիբաֆի՝ մրցապայքարից դուրս գալուց հետո պահպանողականները ողջ ուժով աջակցում են Ռայիսիին՝ մարդկանց և Հեղափոխության գվարդիայի զինվորներին ավտոբուսներով բերելով հանրահավաքների: Վերջինս Ռայիսիին ակնհայտորեն աջակցում է, ինչի իրավունքն օրենքով չունի: Այսուհանդերձ, եթե Ջահանգիրին ևս հօգուտ Ռոուհանիի դադարեցնի պայքարը, ապա, ամենայն հավանականությամբ, Ռոուհանին կրկին կընտրվի հենց առաջին փուլում:

Էմմա Բեգիջանյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Ամենաընթերցվածը