Թրամփի հարվածը Թուրքիային. Ինչ է սպասվում

    • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 16:44
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ հնարավոր ամենախիստ ձեւով իր մտահոգությունն է հայտնել Վաշինտոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Էրդողանի Վաշինգտոն այցի ընթացքում Թուրքիայի դեսապանատան մոտ բողոքի ցույց անցկացնող հայերը, քրդերն ու եզդիները ենթարկվել էին բռնության: Ընդ որում, բռնություն գործադրել էր Էրդողանի թիկնազորի պատրաստված խումբը:

ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած այդ բռնությունն անկասկած հարձակում էր ոչ միայն ցուցարարների, այլ նաեւ հենց ԱՄՆ-ի ու նախագահ Թրամփի դեմ:

Անկասկած է, որ ակնկալվում էր պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը: Թե ինչ է նշանակում «հնարավոր ամենախիստ ձեւը», պարզ չէ, սակայն ձեւակերպումը անկասկած ազդեցիկ է դիվանագիտական բառապաշարի շրջանակում:

Ավելի հետաքրքիր է այն, թե արդյոք Էրդողանից ԱՄՆ-ն կսպասի բանավոր ներողություն, թե՞ այդ ներողությունը կունենա քաղաքական կոնկրետ գին: Որտե՞ղ է հետեւելու Թրամփի պատասխան հարվածը: Որովհետեւ անգամ «ամենախիստ մտահոգությունը» իր ընդհանուր համարժեքությամբ այն չէ, ինչ տեղի ունեցածը:

Այն առավել եւս չի տեղավորվում այն «Ուժեղ Ամերիկայի» վերականգնման տեսլականում, որ փորձում էր ներկայացնել Թրամփը նախագահի ընտրության գործընթացում:

ԱՄՆ նախագահը վարում է բավական կոշտ արտաքին քաղաքականության գիծ, ցույց տալով, որ անհրաժեշտության դեպքում չի վարանի անգամ ռազմական հարվածի հարցում: Նա հարվածեց Սիրիային՝ գործնականում անուղղակիորեն Ռուսաստանին: Նա հայտարարել է Հյուսիսային Կորեային հարվածելու հնարավորության մասին, եթե Կորեան չգնա կարգավորման ողջախոհ առաջարկներին ընդառաջ:

Իհարկե, Թուրքիայի հանդեպ ԱՄՆ նույն քաղաքականությունը սպասելն իրատեսական չէ: Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի հետ, արդեն մի քանի տարի շարունակ: Սակայն այդ ամենին զուգահեռ, Թուրքիան Արեւմուտքի համար անվտանգության որոշակի հանգույց է, դա կասկածից վեր է: Խնդիրն ընդամենը այն է, թե ինչպես եւ ով պետք է կառավարի այդ հանգույցը: Թուրքիան ձգտում է «ինքնակառավարման», Էրդողանը փորձում է քայլ առ քայլ մեծացնել իր երկրի դերակատարությունը միջազգային հարաբերություններում եւ Թուրքիան արեւմտյան բաստիոնից վերածել աշխարհքաղաքական ինքնուրույն խաղացողի:

Արեւմուտքը, այդ թվում ԱՄՆ, բնականաբար փորձում են թույլ չտալ Թուրքիային դուրս գալ վերահսկելի սուբյեկտությունից: Այդ ընթացքում սակայն ի հայտ են եկել մի շարք թեժ հանգամանքներ, եւ իրավիճակը բավական բարդացել է, հատկապես, որ այն միարժեք չէ նաեւ Արեւմուտքում, Եվրատլանտյան բեւեռում: Կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, Մոսկվայի հետ Թուրքիայի մերձենալու հարցը: Մյուս կողմից, ակնհայտ է, ինչպես քաղաքագետ Իգոր Մուրադյանն է մատնանշել դեռեւս տարիներ առաջ, որ Թուրքիան ու Ռուսաստանը Արեւմուտքի համար դիտվում են «կրկնակի զսպման» տրամաբանության շրջանակում, ինչի համար նրանց չափավոր գործակցությունը կարող է անհրաժեշտ լինել:

Այդ պայմաններում Թուրքիայի հանդեպ քաղաքականությունն անկասկած բնորոշվելու է մտրակի ու կարկանդակի տրամաբանությամբ:

Վաշինգտոնում Էրդողանին առաջարկվածն ամենայն հավանականությամբ չի եղել կարկանդակ: Համենայն դեպս, կարկանդակից հետո չի լինում դեմքի այնպիսի արտահայտություն, ինչպիսին ուներ Էրդողանը Թրամփի հետ հանդիպումից հետո լրագրողներին ներկայանալիս: Եթե նույնիսկ եղել է կարկանդակ, ապա մեղմ ասած անհամ:

Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպն ու Նահանգների վարչակազմի հնարավոր արձագանքը դրան հայկական դիտանկյունից հետաքրքիր է երկու հիմնական առումով: Նախ զուտ մարդկային, բարոյական, որպեսզի բռնության հեղինակը տա պատասխան: Մյուս կողմից, Թուրքիայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ բնականաբար Հայաստանի ուշադրության առարկան է առնվազն «աշխարհագրորեն», այդ բառի իհարկե ոչ թե քարտեզային, այլ քաղաքական իմաստով:

Թուրքիայի գլխին արեւմտյան փականը բխում է Հայաստանի շահից: Այդ հանգամանքը Հայաստանի համար չեզոքացնում կամ նվազեցնում է մի շարք մարտահրավերներ: Ըստ այդմ, խնդիրը ամենեւին պատմաբարոյագիտական հարթության վրա չէ, երբ հայկական սիրտը կհովացնի Թուրքիայի ցանկացած անհաջողություն:

Հայաստանի շահից չի բխում Թուրքիայի թե էրդողանական ինքնուրույնությունը, թե փլուզումը եւ քաոսը:

Ամենաընթերցվածը