Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, մահացել է հիվանդանոցում

  • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 16:09
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Nice Matin պորտալը: 
«Նա համեստ եղբայր էր, էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա էր անում, հեռու էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չէ»,- գրում է հրատարակությունը: 
Պորտալի տեղեկատվության համաձայն, մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ եւ հիվանդ էր մի քանի ամիս:  
Ֆիլիպ Օլանդն ապրում էր Կաննում, նույն այն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:
Մայիսի 14-ին Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ լիազորությունները փոխանցելով իրեն փոխարինած Էմանուել Մակրոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենաընթերցվածը