Սերժ Սարգսյանը բացեց փակագծերը. Ինչ տարբերակ է սեղանին

  • Քաղաքականություն - 18 Մայիսի 2017, 11:53
Ելույթ ունենալով 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին: Նա խոսել է դրա վերաբերյալ նախընտրական քննարկումների մասին, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վարդան Օսկանյանի արծարծած թեմաներին:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 1997-ի փաստաթուղթը չէր էլ հավակնում հարցի հանգուցալուծմանը, այլ ինչպես նրա խոսքով վերնագիրն էր վկայում՝ ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը: Ըստ Սերժ Սարգսյանի, դա ընդամենը հրադադարի յուրօրինակ նոր համաձայնագիր էր, խաղաղապահների ներգրավմամբ, անվտանգության կասկածելի երաշխիքներով, անհամաչափ զիջումներով:

Ըստ Սերժ Սարգսյանի, 20 տարվա վաղեմության այդ առաջարկի կողմնակիցները դրա մերժողներին մեղադրում են, անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ: Սերժ Սարգսյանն ասել է, թե, երբ Բաքուն է կեղծում, դա միգուցե հակառակորդի տրամաբանությունն է, բայց Հայաստանից հնչող այդ տեսակետը չի կարող ընդունելի լինել:

Նա հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ստատուս-քվոյի փոփոխությունը համարում է ընդունելի, բայց խնդրի միայն համապարփակ կարգավորմամբ: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա համաձայնությանը, հայտարարել է Սերժ Սարգսյանը, ասելով, որ առանցքում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու ճանաչումը:

Ըստ նրա, հենց դա էր Կազանի փաստաթղթում, որը Ադրբեջանը մերժեց: Սակայն, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, նախորդ փաստաթղթերի նման դա ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, հետեւաբար շարունակում է մնալ որպես վերջին փաստաթուղթ:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ցանկանում ստատուս-քվոյի պահպանություն եւ չի ուզում հակամարտությունը ձգել ոչ մի օր ավելի, կարգավորման ծանրությունը թողնելով ապագա սերունդների վրա: Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, թե չի խոսի նախորդների համեմատ Կազանի փաստաթղթի առավելությունների մասին, միաժամանակ նշելով նաեւ, թե ոչ ոք չի կարող ներկայացնել մանրամասները, որ առկա են գործընթացում եւ քննարկվում են հանդիպումների ընթացքում:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի մոտեցումներին, Սերժ Սարգսյանն ասել է, թե Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա 14 կետից միայն մեկի «հայրությունը»: «Ծնողական պարտքի արտասովոր դրսեւորում է», ասել է Սերժ Սարգսյանն, ավելացնելով, որ հատկապես լուրջ հարցեր էր առաջացնում այդ դրույթը՝ պլեբեսցիտի վերաբերյալ, որը կապվում էր աֆրիկյան ազատագրական պայքարի դրվագներից մեկի հետ:

Ըստ Սերժ Սարգսյանի, այդ վնասակար ձեւակերպումը հանվեց հետագա աշխատանքային փաստաթղթերից, փոխարենն առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ վերջնական կարգավիճակի որոշումն ունենալու է պարտադիր ուժ, այսինքն պարտադիր նաեւ Ադրբեջանի համար ու երաշխավորված՝ միջազային հանրության կողմից:

Հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդները պարտադրել են իրեն ընդունել կարգավիճակը, հայտարարեց Սերժ Սարգսյանը

Ըստ նրա, նաեւ առաջին անգամ թե Արցախի ինքնորոշման իրավունքը, թե իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե Արցախի հետ ցամաքային կապի դրույթը ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի հայտարարությունների մեջ: Ըստ նրա, որեւէ քննադատության չի դիմանում պնդումը, թե Հայաստանի դիրքերը գործընթացում թուլանում են տարեցտարի:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կարգավորումը ձգվում է Ադրբեջանի պատճառով, որի ղեկավարությունը ձգտում է պահել ստատուս-քվոն ու համարում է, թե ժամանակն աշխատում է Բաքվի օգտին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը պտտվում է միայն շփման գծի մեկ կողմում: Մենք կողմ ենք խաղաղ կարգավորման, բայց պատրաստ ենք մեր անվտանգությունը պաշտպանել ամեն գնով, հայտարարել է Սարգսյանը:

Ամենաընթերցվածը