Պուտինը պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին տրամադրել Թրամփի եւ Լավրովի զրույցի ձայնագրությունը

  • Քաղաքականություն - 17 Մայիսի 2017, 16:26

Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե Միացյալ Նահանգների վարչակազմը հնարավոր համարի, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել Թրամփի եւ Լավրովի զրույցի ձայնագրությունը»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Պուտինը նաեւ քաղաքական շիզոֆրենիա է որակել ամերիկյան ԶԼՄ-ների կողմից Թրամփին այն բանում մեղադրելը, որ նա ՌԴ ԱԳ նախարարին փոխանցել է գաղտնի տեղեկություններ: 

Պուտինը կատակով նշել է, որ իրեն հարկ կլինի նկատողություն հայտարարել Լավրովին, «որովհետեւ նա չի հայտնել այդ գաղտնիքները ո՛չ ինձ, ո՛չ էլ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը