Հարձակում եւ բռնություն Դոնալդ Թրամփի հանդեպ

    • Քաղաքականություն - 17 Մայիսի 2017, 12:31
Ամերիկյան եւ ԱՄՆ հայկական լրատվամիջոցները, Հայ դատի հանձնախումբը հայտնում են, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմնակիցները եւ ամենայն հավանականությամբ նրա թիկնապահները հարձակվել են դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ցույց անցկացնող քուրդ, եզդի եւ հայ ցուցարարների վրա եւ բռնություն կիրառել նրանց հանդեպ, ենթարկել դաժան ծեծի, որի հետեւանքով կան ծանր վիճակում հայտնվածներ եւ հոսպիտալացվածներ:

Կա նաեւ բռնության տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են կոստյումով մի խումբ երիտասարդներ, որոնք ակնհայտ թողնում են պատրաստված թիկնազորի տպավորություն, հարձակվում ցուցարարների վրա:

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հրապարակելով միջադեպի մասին տեղեկությունը, ասել է նաեւ, թե տեղի է ունեցել մի բան, որը հատուկ է Թուրքիայի իշխանության գործելաոճին: «Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, և նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել իր սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար, տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ», հայտարարել է  Համբարյանը:

Ապացուցված չէ, գոնե առայժմ, որ հարձակվողները Թուրքիայի նախագահի թիկնազորից են: Էրդողանն, ինչպես հայտնի է, այց էր կատարել Վաշինգտոն  եւ հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփին: Բայց «անզեն աչքով» էլ տեսանելի է, որ խոսքը պատրաստված հարձակվողների մասին է:

Փաստացի, դա հարձակում է ոչ միայն քուրդ, հայ ու եզդի ցուցարարների վրա: Դա հարձակում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա եւ բռնություն նրա հանդեպ:

Էրդողանն իրեն փաստացի թույլ է տալիս այդպիսի հարձակում ԱՄՆ մայրաքաղաքում: Նա կամ դրա համար ստացել է Թրամփի թույլտվությունը կամ հավանությունը՝ ԱՄՆ մայրաքաղաքում ծեծել իր դեմ խաղաղ ցույց իրականացնողներին, կամ այդ հարձակումը հենց Թրամփի դեմ է եւ բռնությունն ուղղված է նաեւ Թրամփին:

Էրդողանն ուներ իհարկե այդպիսի հարձակման «պատճառ»: Մի քանի օր առաջ Թրամփը կայացրել էր Սիրիայի քրդերին զինելու մասին որոշում: Թուրքիան այդ որոշումը բնականաբար ընդունում է մեծ դժգոհությամբ: Միեւնույն ժամանակ, Էրդողանի այցից առաջ տարածվեց տեղեկություն, թե ԱՄՆ նախագահը օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը նրան փոխանցել է ԻԼԻՊ վերաբերյալ գաղտնի տեղեկություն: Այդ մասին արտահոսքը ԱՄՆ-ում մեծ աղմուկ է առաջացրել: Ընդ որում, նաեւ ուշագրավ արձագանքով:

Օրինակ, CNBC հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ջեյք Նովակը ասել է, թե արտահոսքը թողնում է օրինականորեն ընտրված Թրամփի դեմ հեղաշրջման փորձի տպավորություն: ԱՄՆ-ում ներքին բարդ պայքարը շարունակվում է, սակայն այստեղ գաղտնի տեղեկության մասին արտահոսքը ուշագրավ կարող է լինել նաեւ այլ տեսանկյունից:

Կարո՞ղ էր Լավրովին ԻԼԻՊ վերաբերյալ փոխանցված գաղտնի տեղեկությունը պարունակել նաեւ Թուրքիայի, մասնավորապես Էրդողանի վերաբերյալ տարրեր կամ պարզապես վերաբերել հենց Թուրքիային, ինչը կարող է Մոսկվային տալ Անկարայի հետ հարաբերության շուրջ լուրջ մտորումների տեղիք:

Չի բացառվում, որ տեղի են տվել պարզապես Էրդողանի նյարդերը: Այդուհանդերձ հետաքրքիր է, թե ինչպես են միջադեպին արձագանքելու Վաշինգտոնը եւ ինչ պատասխան է պահանջվելու Էրդողանից:

Ընդ որում, խնդիրն անկասկած միայն Թրամփը չէ, կամ նրա անձը: Տվյալ դեպքում հարձակումը եւ բռնությունը եղել է Միացյալ Նահանգների հանդեպ, այն արժեհամակարգային եւ քաղաքակրթական բեվեռի, որ իրենով նույնացնում է Նահանգները:

Ամենաընթերցվածը