Հայաստանը բավարարված չէ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 13:36

Հայաստանը բավարարված չէ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին միջազգային հանրության արձագանքով: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով ապրիլի 20-ին հակառակորդի կողմից Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը գնդակոծելու միջադեպին: «Այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, լարվածություն չկա: Ցավոք, այդ դեպքերը պարբերական են, դրա պատասխանն էլ է պարբերական: Չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է, մենք ելնում ենք նրանից, որ կողմերի համար հիմք պետք է լինի զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ հրադադարի յուրաքանչյուր խախտում պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Մենք այս պահին բավարարված չենք խախտումներին նման արձագանքով, սակայն ասել, որ   վիճակը սահմանին լարված է եղել, սխալ կլինի, որովհետև ընդհանրապես վերջին մի քանի շաբաթում հարաբերական հանգիստ վիճակ է»,- եզրափակեց Սարգսյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ:

Ամենաընթերցվածը