Եվրախորհրդարանի նախագահը հնարավոր է համարել Brexit-ի արդյունքների վերանայումը. The Guardian

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 11:18
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի (Brexit) արդյունքները կարող են վերանայվել հունիսի 8-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին այս մասին հայտարարել է The Guardian-ին՝ ամփոփելով Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա չեղարկել 50-րդ հոդվածի գործողությունը (Լիսաբոնի համաձայնագրի, որը ենթադրում Է ԵՄ-ում այս կամ այն երկրի անդամության դադարեցման շուրջը բանակցությունների գործընթացը), ընթացակարգը շատ պարզ կլինի,- կարծում է ԵԽ-ի նախագահը:- Եթե Լոնդոնը ցանկանա մնալ, դա շահավետ կլինի բոլորին: Ես երջանիկ կլինեմ»:   

Ըստ որում նա նշել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամության մնացած անդամները: «Եթե վաղը Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը ցանկանա փոխել իր դիրքորոշումը, դա հնարավոր կլինի անել: Վերջին խոսքը ԵՄ-ի 27 անդամներինն է, սակայն դա օգտակար կլինի յուրաքանչյուրին»,- համոզված է Եվրախորհրդարանի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը