Սահմանադրական փոփոխություններ Վրաստանում. նախագահն ու ընդդիմությունը՝ իշխող կուսակցության դեմ

  • Քաղաքականություն - 21 Ապրիլի 2017, 10:17
Վրաստանում սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում, որը լուրջ հակասությունների պատճառ է երկրի քաղաքական դաշտում: Փոփոխություններով առաջարկվում է վերացնել նախագահական ուղիղ ընտրությունները, թուլացնել նախագահի լիազորությունները, ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի:

Սահմանադրական փոփոխությունների ծրագիրն առաջ է տանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Առաջարկվող նախագծին դեմ են երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և գլխավոր ընդդիմադիր ուժերը:

Բաթումիում ուսանողների հետ հանդիպմանը Մարգվելաշվիլին նշել է՝ իր համար խնդիր է այն, որ երկիրը մնում է առանց գերագույն գլխավոր հրամանատարի: Մարգվելաշվիլին կարծում է նաև, որ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը և չի կարելի Վրաստանի պես երկրում, որը գտնվում է շատ բարդ տարածաշրջանում, թուլացնել գլխավոր հրամանատարի գործառույթները, քանի որ դրանով թուլանում է երկրի պաշտպանունակությունը: Վրաստանի նախագահի խոսքով՝ սահմանադրության նախագիծը չի արտացոլում ժողովրդի կամքը:  

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները քննադատել են երկրի նախագահի ելույթը: Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան նախագահի գնահատականը սուբյեկտիվ ու վտանգավոր է համարում: Ըստ Բեսելիայի՝ դա վտանգ է գործընթացի համար, քանի որ սպասվում են համընդհանուր քննարկումներ: Խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին նշել է, որ խորհրդարանական հանրապետությունում նորմալ է, որ նախագահին խորհրդարանն է ընտրում:

Վրաստանի ընդդիմադիր ուժերը դժգոհ են սահմանադրական փոփոխություններով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքներից: Ապրիլի 20-ին ևս երկու կուսակցություն՝ «Շարժում հանուն ազատության՝ Եվրոպական Վրաստան» և «Ազատ դեմոկրատներ», լքել են հանձնաժողովի աշխատանքները: Ավելի վաղ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվել էին «Միացյալ ազգային շարժում», «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Պետություն ժողովրդի համար», «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունները: Ընդդիմադիր ուժերը ևս դժգոհ են նախագահի ուղիղ ընտրությունները վերացնելու առաջարկից:

Պետական սահմանադրական հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները: Ապրիլի 22-ին կկայանա ամփոփիչ նիստը, որից հետո փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան: 

Ամենաընթերցվածը