Զավեշտալի իրավիճակ հայ-ֆրանսիական տիրույթում. Ով ինչ է խոսել Արցախի մասին

  • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2017, 17:47
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական արշավում հաճախ են անդրադառնում Հայաստանին ու Արցախին, մասնավորապես Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդրի կարգավորման թեմաներին, այսպես ասած հայանպաստ շեշտադրումներով: Դա բնական է, քանի որ Ֆրանսիայում առկա է բավական մեծ էթնիկ հայ ընտրազանգված:

Սակայն Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են առանձնահատուկ հարաբերություններ, եւ այստեղ միայն նախընտրական շրջանի իրողությունների խնդիրը չէ: Ֆրանսիան ղարաբաղյան կարգավորման միակ ձեւաչափի՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

Ճիշտ է, մի բան է նախագահի թեկնածուի պարագան, մեկ այլ բան՝ պաշտոնական տեսակետը, թեեւ Ֆրանսիայի նախագահ Օլանդը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպմանը խոսեց հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրման եւ զինադադարը խախտողին պատժելու մասին:

Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Նուվել դ՛Արմենի հանդեսի հետ հարցազրույցում Ղարաբաղի խնդրի մասով ասել է հետեւյալը. «2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով ﬕջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը», նշել է Ֆրանսուա Ֆիյոնը:

Իր հերթին, Ազգային ճակատից նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ», նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Փաստացի, այս երկու առաջատար թեկնածուները Ղարաբաղը համարում են Հայաստանի մաս:

Այս ֆոնին, հետաքրքիր էր Հայաստանի խորհրդարանի ընտրության ժամանակաշրջանը: Ընտրությանը մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից ըստ էության միայն ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր խոսում ղարաբաղյան թեմայով: Մյուսները կամ լռում էին, կամ ասում նույն բաները, ինչ Տեր-Պետրոսյանը, բայց քիչ ինչ այլ փաթեթավորումով:

Եթե Ֆրանսիայի նախագահի առաջատար թեկնածուները խոսում են Արցախի՝ Հայաստանին պատկանելու մասին, Հայաստանի քաղաքական ուժերն ըստ էության խոսում էին Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին: