Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի դեմ. Financial Times

  • Քաղաքականություն - 19 Ապրիլի 2017, 12:36
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք ավելի շատ պատժամիջոցներ կսահմանենք ԿԺԴՀ-ի դեմ»,-ասել է նա: Ֆինանսների նախարարը հավելել է, որ դրանք լինելու են ուղղակի պատժամիջոցներ ԿԺԴՀ-ի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ, այլ ոչ թե չինական ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում այդ երկրի հետ:

«Անցած շաբաթ մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի դեմ մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ,-ընդգծել է Մնուչինը:-Նոր պատժամիջոցներ կլինեն Իրանի դեմ, որոնք կապված չեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր հետեւել Թեհրանի գործելակերպին»:

«Զգալի պատժամիջոցներ կսահմանվեն Սիրիայի դեմ,-հավելել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:-Ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք չափերի ու ծավալների մասին, դրանք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիացիների կամ Սիրիայի հետ կապված անձանց ու կազմակերպությունների», - հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամենաընթերցվածը