Նամակների «ռմբակոծություն». Բյուլբյուլօղլիի դեմ արշավը նոր թափ է ստանում

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 15:09

Մի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու բնապահպան Կարինե Դանիելյանը, նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի դեմ։ 

Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, նամակն ուղարկվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի խորհրդի բոլոր անդամներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք առաջադրել են թեկնածուներ։ 

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են ևս ութ պետությունների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ փաստը կարևոր է ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, այլ նաև այլ պետությունների համար։

«ՅՈւՆԵՍԿՕ-ն իր տասնամյակների աշխատանքի ընթացքում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, որպես մշակութային, գիտական և այլ արժեքների ջատագով։ Մենք այդ նամակով ակնկալում ենք, որ հանկարծ չընտրվի այնպիսի ղեկավար, ով ակտիվ պայքարում է այդ արժեքների դեմ»,- ասաց Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ կարծես թե շատերն են միանում նամակներ ուղարկելու նախաձեռնությանը` ոչ միայն կազմակերպություններ, այլ նաև անհատներ։ 

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ ադրբեջանցիներն ու թուրքեր ը ամեն ջանքեր են գործադրում, որ մտնեն միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի աշխատակազմ։

«ՄԱԿ-ի կառույցների հետ մեր կազմակերպությունն աշխատում է և, երբ գնում ենք մեծ միջոցառումների, գիտաժողովների կամ քննարկումների, ապա անպայման տեսնում ենք, որ կազմակերպիչը կամ քարտուղարը, կամ թուրք է կամ ադրբեջանցի։ Ամեն տեղ, անգամ մի փոքր հնարավորության դեպքում հարցերը լուծվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Դանիելյանը։ Նա ցավով նշեց, որ ունենալով մեծ սփյուռք՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ 

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կոչ է անում ազդեցությունը ուժեղացնելու համար ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի և անդամ-երկրների գրասենյակները ռմբակոծել նամակներով։  

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին աչքի է ընկել իր հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործելաոճով: Նա «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղինԲացի դրանից, Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի մշակույթի նախարար եղած ժամանակ են ավերվել Նախիջևանի հայկական խաչքարերը:

Ամենաընթերցվածը