Մահապատժի վերականգնումը կլինի Թուրքիայի եվրոպական երազանքի վերջը. Գերմանիայի ԱԳ նախարար

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 12:00
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գաբրիելն ընդգծել է, որ հենց Թուրքիայի շահերից է բխում Եվրամիությունից շատ չհեռանալը: «Մոտ ժամանակներս Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ որևէ որոշում օրակարգում չի լինելու»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` ընդգծելով, սակայն, որ Թուրքիան է որոշելու, թե որ ուղղությամբ շարունակի գնալ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե մահապատժի մասին որոշումը մեջլիսում անցնի, ապա ինքը պատրաստ է այն վավերացնել: Հակառակ դեպքում նա հայտարարել է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնելու պատրաստակամության մասին` նշելով, որ իրենք չեն կարող ներել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ժամանակ զոհված քաղաքացիների մարդասպաններին:

Ամենաընթերցվածը