Փենսը ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին. խաղաղությունն ուժով է ձեռք բերվում

  • Քաղաքականություն - 18 Ապրիլի 2017, 11:04
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը, ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, Փենսն ընդգծել է, որ իր երկիրը, ինչպես եւ Ճապոնիան, խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, սակայն հիշեցրել է, որ «խաղաղությունն ուժով է ձեռք բերվում»:

Բացի այդ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր է գործակցել Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդրի խաղաղ լուծման հասնելու համար:

ԱՄՆ-ի փոխնախագահը կատարում է ասիական շրջագայություն, որի ընթացքում նա այցելել է Հարավային Կորեա եւ ժամանել Տոկիո:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով:

«Չեմ ցանկանում պատմել՝ ինչ եմ ես անում կամ ինչ եմ մտածում: Ես այնպես չեմ գործում, ինչպես նախորդ վարչակազմերը, որոնք չորս շաբաթ առաջ ասում էին, թե ինչ են իրենք մտադիր ձեռնարկել: Դա այդպես չի արվում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը դիտարկում է արդյոք ԿԺԴՀ-ին հարված հասցնելը: «Մենք կտեսնենք, ինչ կլինի,- հավելել է նա:- Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Հուսով եմ, որ կլինի խաղաղություն, սակայն այդ ջենթլմենի (նկատի ունի ԿԺԴՀ-ի առաջնորդին) հետ արդեն բավական երկար են խոսում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը