Թուրքիայի քաղաքականությունը ավելի ծայրահեղական միտումներ կստանա. Ռուբեն Սաֆրաստյան

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 13:49
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները սպասելի էին: «Արմենպրես» լրատվական գործակալության սրահում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Եթե վերլուծելու լինենք արդյունքները, ըստ տարածաշրջանների, ապա ակնհայտ է, որ Թուրքիայի մեծ քաղաքների բնակչությունը դեմ է քվեարկել այդ փոփոխություններին: Նաև միջերկրածովյան ողջ շրջաններն են դեմ քվեարկել փոփոխություններին: Սա շատ հետաքրքիր է, որը պետք է վերլուծության ենթարկել: Հետաքրքիր է այն, որ Էրդողանը հաղթանակ է տարել Թուրքիայի կենտրոնական շրջաններում, եթե չհաշվենք մայրաքաղաք Անկարան: Եվս մեկ կարևոր գործոն կա. ինչպես սպասվում էր քրդաբնակ շրջանները հիմնականում դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Սաֆրաստյանը:

Ամփոփելով հանրաքվեի արդյունքները` Սաֆրաստյանն ընդգծում է, որ սահմանադրական փոփոխությունները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն: Նրա գնահատմամբ` երկիրը, ըստ էության, բաժանվել է երկու հատվածի: «Այն հանգամանքը, որ հիմնականում մեծ քաղաքների բնակչությունը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, վկայում է այն մասին, որ Թուրքիայի բնակչության այն հատվածը, որն ավելի բարձր կրթական ցենզ ունի ու ապրում է զարգացած պայմաններում, դեմ է փոփոխություններին: Իսկ սահմանադրական փոփոխություններին կողմ են այն շրջանների բնակիչները, որոնք հետ են մնացել ժամանակակից զարգացումներից»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա հավելեց, որ «ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ ձայներ կստանային, եթե «գլխատված» չլիներ քրդամետ ու ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: «Այդ կուսակցության բոլոր առաջնորդները բանտերում են: Եթե այդպես չլիներ, «ոչ»-ի կողմնակիցները վստահաբար ավելի շատ ձայներ կհավաքեին, ինչը բավականին կարևոր նշանակություն կունենար»,- ընդգծեց Սաֆրաստյանը:

Թուրքագետի գնահատմամբ` առաջիկա երկու տարիներին Թուրքիայում լարված կլինի քաղաքական պայքարի առումով, որովհետև պետք է 6-7 հազար նոր օրենքներ ընդունվեն կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարվեն դրանք սահմանադրական նոր կարգերին համապատասխանեցնելու համար: Նրա խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ  քաղաքական խոշոր կուսակցություններից, որոնք ներկայացված են խորհրդարանում, ամենածայրահեղական պանթուրքիստական Ազգայնական շարժում կուսակցությունը պաշտպանեց Էրդողանին, ինչը վկայում է այն մասին, որ Էրդողանի` միանձնյա  իշխանություն հաստատելու քաղաքականությունը հենվում է ամենածայրահեղ թուրքական միտումների` պանթուրքիստական միտումների վրա: Սա նշանակում է, որ հետագայում Թուրքիայի քաղաքականությունը ավելի ծայրահեղական միտումներ կստանա, քան մինչ այդ կար:

Ամենաընթերցվածը