Ցուցարարները պահանջում են Թուրքիայի կառավարության հրաժարականը. ցույցեր Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 13:02
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհող քաղաքացիները Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ քաղաքներում դուրս են եկել բողոքի ցույցերի: Ցուցարարները հանդես են եկել հետևյալ կոչով. «Սա դեռ սկիզբն է, շարունակելու ենք պայքարը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Sozcu լրատվամիջոցը:

Քաղաքացիները, մասնավորապես, իրենց բողոքն են հայտնել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին, որը վավեր է ճանաչել չդրոշմված քվեաթերթիկները: Հանձնաժողովի շենքի մոտ հավաքված քաղաքացիները բղավել են. «Հայտարարեք իրական քվեները», «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա»: Ոստիկանությունը անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել հանձնաժողովի շենքի մոտ:

Թուրքիայի մյուս շրջաններում բողոքի դուրս եկած քաղաքացիները կոչ են արել կառավարությանը հրաժարական տալ: Նրանք բղավել են. «Ամենուրեք «ոչ», ամենուրեք դիմադրություն»:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլունհայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում:

Ամենաընթերցվածը