Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխություններ չի կրի. Ռուբեն Սաֆրաստյան

    • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 12:13
Սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Թուրքիան վերադառնում է Աթաթուրքի շրջանի Թուրքիային: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այսինքն՝ Թուրքիան ինչպես Աթաթուրքի ժամանակ միանձնյա իշխանություն ուներ, հիմա Էրդողանը կարողացավ օրինական ճանապարհով բավական մեծ իշխանություն ձեռք բերել: Իհարկե, նրա իշխանությունը դեռ չի հասել այն իշխանությանը, որն ուներ Աթաթուրքը 20-րդ դարի 20-30-ական թվականներին, բայց արդեն մոտենում է դրան»,- ասաց Սաֆրաստանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին կողմ է քվեարկել 51,2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը: Թուրքիան այսպիսով անցնում է նախագահական կառավարման, նախագահը ստանում է լայն լիազորություններ:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ խոշոր հաշվով այս հանրաքվեով Թուրքիայում նոր բան տեղի չունեցավ, այդ երկիրը որոշ չափով վերադարձավ 20-րդ դարի 20-30-ական թվականներ:

Ինչ վերաբերում է այս փոփոխության ազդեցությանը Հայաստանի վրա, թուրքագետն ասում է, որ չի կարծում, թե Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ:

«Ես չեմ կարծում, թե Թուրքիայի քաղաքականությունը որոշակի սկզբունքային փոփոխություններ կկրի, հակառակը, կմնա նույնը: Իսկ եթե ավելի լայն նայենք, ես չեմ կարծում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխություններ կկրի», ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ամենաընթերցվածը