Թուրքիայի հանրաքվե. որ նահանգներում է հաղթել «այո»-ն, որում՝ «ոչ»-ը

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 10:51
Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեին «այո»-ն ստացավ  51.18%-ը կամ 24 միլիոն 325 հազար 817 քվե, իսկ «ոչ»-ը՝ 48.82% կամ 23 միլիոն 201 հազար 726 քվե:

Թուրքիայի 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը և 49-ում՝ «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին հիմնականում դեմ են քվեարկել քրդաբնակ նահանգները, արևմտյան՝ առավել աշխարհիկ նահանգները, Միջերկրականի ափին գտնվող նահանգները: Երեք խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, դեմ են քվեարկել փոփոխություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած փոփոխություններին կողմ են քվեարկել երկրի կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգները:

Այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում հաղթել է «այո»-ն՝ ստանալով 59.09% կամ 831 հազար 43 քվե: «Ոչ»-ը ստացել է 40.91% կամ 575 հազար 288 քվե: Ընդ որում, եթե Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում հաղթել են Էրդողանի կողմնակիցները, ապա երկրների ճնշող մեծամասնությունում, հաղթել են սահմանադրական փոփոխությունների հակառակորդները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանի հարևաններ Վրաստանում և Ադրբեջանում:

Սահմանադրական փոփոխություններով, նախ և առաջ, Թուրքիան անցում կկատարի կառավարման նախագահական համակարգի: Փոփոխություններով պատգամավորների թիվը 550-ից կավելանա մինչև 600, խորհրդարանն ընտրվելու է գործող 4-ի փոխարեն 5 տարով, թուլացվել է խորհրդարանի վերահսկողությունը կառավարության նկատմամբ, ավելացվել են նախագահի լիազորությունները: Այս փոփոխությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններում հաղթելու դեպքում կարող է նախագահ մնալ մինչև 2029 թվականը: 

Ամենաընթերցվածը