Թուրքիայում մեկնարկել է պատմական սահմանադրական հանրաքվեն

  • Քաղաքականություն - 16 Ապրիլի 2017, 10:49

Թուրքիայի տարածքում ապրիլի 16-ին մեկնարկել է պատմական նշանակություն ունեցող սահմանադրական հանրաքվեն, որը նախատեսում է անցում կատարել երկրի խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգի: Ըստ էության, սահամանդրական փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու 2003 թվականից իշխանության գլխին գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, ով փոփոխությունների պարագայում կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը:

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն ի սկզբանե անցել է ոչ հավասար պայմաններում: Ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի մեջ մտավ շարունակվող հետապնդումների ներքո, իսկ կուսակցության 13 պատագամվոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղն այս ընթացքում շարունակեցին գտնվել ճաղերի հետևում: «Ոչ»-ի ճամբարում քրդամետ կուսակցության կողքին էր նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ: Ի հակակշիռ նրանց՝ «այո»-ի ճամբարում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ համագործակցում  էր մեջլիսում ընդգրկված ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ում աջակցության շնորհիվ էր, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկներն անցան մեջլիսի քննարկումների փուլերով ու դրվեցին հանրաքվեի:

Երկրում հայտարարված արտակարգ իրադրության պայմաններում անցկացվող հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից հետո երկրի կառավարման համակարգում  նախատեսում է ամենամասշտաբային փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող սահմանադրության 18 հոդված: Համաձայն այս փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների, այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու՝ հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց:

Մյուս փոփոխություններով նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը:

Սահմանադրական հանրաքվեում «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նպատակով մինչ օրս կազմակերպվել է 6 հանրաքվե: 1961, 1982, 1987, 2007 և 2010 թվականների հանրաքվեների արդյունքում փոփոխություններն ընդունվել են, իսկ  1988 թվականի հանրաքվեում հաղթել է «ոչ»-ը:

Ապրիլի 16-ի հանրաքվեին Թուրքիայի ներսում մասնակցում է 55 միլիոն 319 հազար 222 ընտրող: Ավելի վաղ քվեարկել էին արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները, որոնց թիվը 2 միլիոն 927 հազար է: Ընդ որում, արտերկրում ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար:

Նախնական սոցհարցումների տվյալներով՝ տոկոսային քիչ առավելությամբ հաղթելու է «այո»-ն:

Ամենաընթերցվածը