Սերժ Սարգսյանի երկու ձախողումը Բիշքեկում

    • Քաղաքականություն - 15 Ապրիլի 2017, 11:15
Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միության անդամ երկրների նախագահների վեհաժողովը, որի ժամանակ Մոլդովային տրվել է դիտորդի կարգավիճակ: Մոլդովան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցիացիան, այդ երկրի նախագահը, չնայած կառավարության դիմադրությանը, փորձում է երկիրն ինտեգրել ԵՏՄ-ին: Մոլդովայի «հաղթաթուղթն» այս հարցում Եվրամիության հետ կամուրջի առաջարկն է ԵՏՄ երկրներին:

Հայաստանը Մոլդովայի հետ մասնակցում էր Արեւելյան գործընկերության ծրագրին, սակայն հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ ասոցիացիան: Փոխարենը, վերջերս նախաստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որից բացակայում է տնտեսական բաղադրիչը: Հայաստանը հույս ուներ կատարել ԵՄ-ԵՏՄ կամրջի դերը, որի մասին բազմիցս հայտարարել են թե Սերժ Սարգսյանը, թե այլ պատասխանատուներ:

Մոլդովան այս հարցում ունի առավելություն թե աշխարհագրական դիրքի, թե նաեւ իրավապայմանագրային առումով, եւ կարելի է ասել, որ Հայաստանի այդ մշուշոտ հեռանկարը ներկայում ցրվում է: Թեեւ, հասկանալի էր, որ Հայաստանը չէր կարող նման դեր ստանձնել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Իհարկե, դեռ հարց է, թե ինչով կավարտվի Մոլդովայի նախագահի «ինքնակամ» նախաձեռնությունը թե այդ երկրում, թե Եվրոպայում:

Սակայն սա Բիշքեկի միակ «անակնկալը» չէր Հայաստանի համար: Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը չի ստորագրվել, ԵԱՏՄ երկրներին չի բավարարել Իրանի պատասխանը:

Բանն այն է, որ Հայաստանը փորձում էր «կամրջի» դեր կատարել նաեւ Իրանի պարագայում, հաշվի առնելով թե այդ երկրի հետ բարեկամական հարաբերությունը, թե ընդհանուր սահմանը: Սակայն փորձագետները ավելի վաղ նշում էին, որ Իրանն ավելի հարմար կոմունիկացիաներ ունի ԵՏՄ-ի հետ, քան Հայաստանն է, եւ բացի այդ՝ Իրանը լուրջ երկիր է՝ ԵՏՄ-ի պայմաններով համագործակցությանը համաձայնություն տալու համար:

Այսպիսով, Բիշքեկի վեհաժողովում «ցրվեց» Հայաստանի իշխանության ի սկզբանե երկու անիրատեսական նախաձեռնությունը եւ փաստարկը: Դժվար է ասել՝ արդյոք Սերժ Սարգսյանը հավատում էր իր այդ թեզերին, թե պարզապես հռչակում էր դրանք՝ Հայաստանի դերը ԵՏՄ-ում մեծացնելու հույսով: Նախաձեռնություններն ու առաջարկներն իհարկե անհրաժեշտ են, բայց դրանք կշիռ կարող են ունենալ այնպիսի միջավայրերում, որտեղ կան այլ շահեր եւ մոտիվացիա:

Եվրասիական կառույցներում Հայաստանն ունի իր հստակ տեղն ու դերը, եւ այդպես էլ մնալու է: Նույնիսկ եթե ԵՏՄ ղեկավարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչներն են: 

Ամենաընթերցվածը