էս ի՞նչ արիր, Դոդոն, կամուրջս քանդեցիր,- գանգատվել է Սերժ Սարգսյանը

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2017, 11:05

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին: Օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը:

Դոդոնը որոշել է ինտեգրվել ԵՏՄ-ին, եւ այս «ինքնակամ» որոշումը աղմուկ է առաջացրել Մոլդովայում: Բանն այն է, որ նա այդպիսի որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ Մոլդովան խորհրդարանական երկիր է, եւ նախագահը նման լիազորություն չունի: Մոլդովայի կառավարությունը եւ վարչապետը դեմ են այս որոշմանը, եւ հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները:

Իր հերթին, Մոլդովան 2014 թ. ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, եւ Եվրասիական միության ուղղությամբ ինտեգրացիոն քայլերը կարող են որոշակի խնդիրներ հարուցել:

Սա իհարկե Մոլդովայի խնդիրն է, սակայն Հայաստանի պարագայում առաջանում է հետաքրքիր իրավիճակ: Բանն այն է, որ Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դառնալ կամուրջ Եվրամիության ու Եվրասիական միության միջեւ: Այդ դերին «հավակնում» էր նաեւ Հայաստանի իշխանությունը, հռչակելով «եւ-եւ»-ի քաղաքականություն եւ այդպիսով փորձելով մեղմել սեպտեմբերի 3-ի ամոթալի պահվածքը:

Սակայն Հայաստանը կամուրջ չդարձավ ու չի էլ կարող դառնալ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Ի տարբերություն Հայաստանի, Մոլդովայի հնարավորություններն այդ առումով մեծ են: Նախ, Մոլդովան ստորագրել է ԵՄ հետ Ասոցիացիան, բացի այդ՝ ընդհանուր սահման ունի Եվրամիության հետ: Եվ հիմա Եվրասիական միության հարցում պարզերես մնալու միակ «պատճառը», ինչպես նաեւ Հայաստանի իշխանության արդարացումը հօդս ցնդեց:

Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը, ասվում է պաշտոնական հաղորդագրության հետ: Հնարավոր է, քանի որ Սերժ Սարգսյանը կարծես թե «բախտակից» է գտել ի դեմս Դոդոնի:

Չի բացառվում սակայն, որ Սարգսյանը դժգոհել է՝ էս ի՞նչ արիր, Դոդոն, կամուրջս քանդեցիր:

Ամենաընթերցվածը