Լուկաշենկոն անցնում է հակագրոհի. Մարտահրավեր Հայաստանին

    • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 21:24
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Բիչկովսկին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ մարտի 19-ին Հայաստանից Բուլղարիա թռչող օդանավում Գոմելի օդանավակայանում հայտնաբերվել են ռադիոկատիվ նյութեր:

Դրա մասին ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, «Արեւմուտք 2017» ռուս-բելառուսական զորավարժության կազմակերպման հարցերով խորհրդակցությանը: Նա համապատասխան կառույցներին հանձնարարել է հետաքննել բոլոր դեպքերն ու զեկուցել իրեն: «Մենք չպետք է թույլ տանք ապակայունացնել վիճակը մեր երկրում», հայտարարել է Լուկաշենկոն:

Վերջին շաբաթներին լարվել էր Բելառուս-Ռուսաստան հարաբերությունը: Դա իր հետ բերեց նաեւ բլոգեր Լապշինի հետ կապված հայտնի պատմության շուրջ աղմուկը, երբ Մինսկը Ալիեւի պահանջով ձերբակալեց ՌԴ քաղաքացի Լապշինին՝ Արցախ այցելած լինելու համար, ամիսներ անց նրան արտահանձնելով Բաքվին: Պաշտոնական Մոսկվան չկարողացավ իր «դաշնակից» Բելառուսից ստանալ իր քաղաքացուն: Կամ գուցե չցանկացավ դրա դիմաց գնալ այնպիսի զիջման, որ ակնկալում էր Բելառուսը:

Լապշինի արտահանձնումը դժգոհությամբ ընդունվեց Հայաստանում եւ արժանացավ կոշտ քննադատության, քանի որ դա քայլ էր նաեւ Հայաստանի դեմ՝ Մինսկը փաստորեն միացավ Արցախի դեմ մեկուսացման եւ ահաբեկության ադրբեջանական քաղաքականությանը, լինելով ՀԱՊԿ ու ԵՏՄ Հայաստանի «դաշնակից»՝ ունենալով դրանից բխող «դաշնակցային» պարտավորություններ:

Բելառուսն այդ պարտավորությունների վրա բացահայտորեն թքած ունի վաղուց: Ապրիլի պատերազմին Լուկաշենկոն Ալիեւին էր զանգահարել ու աջակցություն հայտնել, Երեւանը Բելառուսի դեսպանին հրավիրեց նույնիսկ ԱԳՆ՝ բացատրություն պահանջելու: Լապշինին արտահանձնելուց առաջ էլ Բելառուսի նախագահը Բաքվում իր դաշնակցությունն էր խոստացել Ալիեւին, նրանից մեդալ ստանալով:

Եվ ահա, Բելառուսի նախագահը հայտարարում է, որ Հայաստանից բելառուսական տարանցումով փորձել են Բուլղարիա տեղափոխել ռադիոկատիվ նյութեր: Դա ակնհայտ «պատասխան» է Հայաստանին, եւ ոչ միայն: Մինսկն ըստ երեւույթին ՀԱՊԿ-ում Բելառուսի վարքի վերաբերյալ Երեւանի ուղիղ կամ ակնարկված գործողությունները դիտում է Մոսկվայի դիրքորոշման շրջանակում:

Ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունն էլ այս առումով բավական բազմաշերտ է: ՀՀ ՊԵԿ-ը հայտարարել է, որ ինչպես Հայաստանի սահմանային մաքսակետերում, այդպես էլ Զվարթնոց օդանավակայանում բեռներն անցնում են պատշաճ մաքսային զննում, եւ չի հայտնաբերվել օրենքի որեւէ խախտում:

Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ Զվարթնոց օդանավակայանում սահմանային հսկողություն է իրականացնում Ռուսաստանի սահմանային ծառայությունը:

Հարց է առաջանում՝ կարո՞ղ էր արդյոք խնդիր լինել հենց այդ ծառայության իրականացման պատշաճության մասով: Եվ արդյոք Լուկաշենկոն այդպիսով չի ակնարկում նաեւ Ռուսաստանի դերի մասին, փորձելով Հայաստանի հեղինակության ու անվտանգության հաշվին իր խնդիրները լուծել Ռուսաստանի հետ:

Ի վերջո, խոսքը բավական նուրբ խնդրի, ընդհուպ Հայաստանից եվրոպական անվտանգությանն ուղղված «սպառնալիքի» մասին է:

Բելառուսի նախագահի այդ հայտարարությունը կարող է չափազանց լուրջ հարված լինել Հայաստանի միջազգային վարկին, դրանով սպառնալիք լինել Հայաստանի անվտանգությանը:

Ակնհայտ է, որ Լուկաշենկոյի մակարդակով արվել է հայտարարություն, որը Երեւանից պահանջում է շատ ավելի բարձր մակարդակի եւ միարժեք հերքում առ այն, որ Բելառուսի նախագահը սուտ է խոսում կամ հրապարակում է չճշտված տեղեկություն: Լուկաշենկոյից պետք է բացատրություն պահանջվի իր հայտարարության համար:

Իսկ եթե տեղեկությունն այդուհանդերձ համապատասխանում է իրականությանը, ապա Երեւանը պետք է հստակ ու սպառիչ բացատրություն տա, թե ո՞վ է պատասխանատու, որ Հայաստանից Բուլղարիա թռչող օդանավում կարող էր հայտնվել այդպիսի նյութ եւ Հայաստանի սահմանի անցուդարձի համար պատասխանատու ո՞ր կառույցը պատշաճ չի կատարել իր պարտականությունը:

Առավել եւս, երբ Հայաստանում պետականության համար բացառիկ եւ անբացատրելի իրավիճակ է, երբ օդանավակայանի սահմանային հսկողությունն իրականացնում է այլ պետության սահմանապահ ծառայությունը: 

Ամենաընթերցվածը