Աղդամն ու Ֆիզուլին, ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն

    • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 19:14
Հայ ազգային կոնգրեսը որպես հիմնական նախընտրական գաղափար առաջ է քաշում Ղարաբաղում փոխզիջումների միջոցով խաղաղության կոչը: ՀԱԿ պատգամավորության թեկնածուները կոչ են անում նայել իրականությանը եւ հայտարարում, թե Աղդամն ու Ֆիզուլին այդ ե՞րբ էին Ղարաբաղի մաս եղել:

Հարցին, թե ինչու են որոշել այդ գաղափարն առաջ քաշել, ՀԱԿ անդամները պատասխանում են, որ դա ոչ թե իրենց առաջարկն է, այլ մադրիդյան սկզբունքները, որոնք իշխանություններն արդեն երկար տարիներ քննարկում են:

Սակայն հարց է առաջանում՝ եթե դա իշխանության գաղափարն է, ապա ինչու ժողովուրդը հանուն խաղաղության պետք է քվեարկի Կոնգրեսի, այլ ոչ թե ՀՀԿ օգտին: Չէ՞ որ ՀՀԿ-ական իշխանությունն է բանակցում մադրիդյան սկզբունքների շուրջ: Ստացվում է, որ Կոնգրեսը բացահայտ կամ քողարկված քարոզչություն է անում ՀՀԿ օգտին:

Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ 2011 թվականին Կազանում համաձայնվել է տարածքային զիջումների՝ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց: Այն ժամանակ չհաջողվեց համաձայնության գալ, որովհետեւ Ադրբեջանը նահանջեց, ասել է նա:

Դրանից 10 տարի առաջ՝ 2001 թվականին, Քի Ուեսթում, ինչպես ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ եւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես համաձայնվել է տարածքային զիջումներ նախատեսող տարբերակին եւ Մեղրիով միջանցքի ստեղծմանը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀԿ-ն, ինչպես եւ պետության պաշտոնական ներկայացուցիչները, փոխեցին հռետորաբանությունը: Չնայած մադրիդյան սկզբունքներից բացահայտ չհրաժարվեցին, Հայաստանը որպես բանակցությունների վերսկսման պայման առաջ քաշեց Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը եւ զսպման մեխանիզմների տեղակայումը: Այդ մեխանիզմները, ըստ էության, պետք է բացառեն միակողմանի տարածքային զիջումները նախքան մեծ համաձայնագրի ստորագրումը:

Հայաստանը կոշտ պայմաններ առաջ քաշեց Վիեննայում մայիս ամսին՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց, իսկ արդեն հունիսին Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որն անցնում էր Ռուսաստանի հովանու ներքո, նորից վերադարձ եղավ մադրիդյան սկզբունքներին, իսկ Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի առաջարկած ծրագրից: Հնարավոր է, պատճառն այն է, որ ռուսական ծրագիրը չէր նախատեսում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչում, այլ միայն միակողմանի տարածքային զիջումներ Հայաստանի կողմից:

Այժմ Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է «առաջին քայլն» անել ու հանձնել տարածքները: ՀԱԿ-ում կարծում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա կընդունեն որպես խաղաղության ազդանշան, անմիջապես կճանաչեն Ղարաբաղը, կբացեն հաղորդակցությունները եւ կհրաժարվեն հայերի նկատմամբ բոլոր պահանջներից:

Ինչու՞ է ՀԱԿ-ն առաջ քաշում այս գաղափարը: Եթե սա նախընտրական քայլ է, ապա ոչ պոպուլյար գաղափար է եւ չի կարող ձայներ բերել: Այդ դեպքում Կոնգրեսն ինչու՞ է այդքան համառորեն փորձում առաջ անցնել բոլորից: Դա համաձայնեցվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ՀԱԿ-ը համառորեն առաջ է տանում կարգավորման ռուսական ծրագիրը, որը ներկայիս իշխանությունները գոնե ներկայում մերժում են:

Ընտրություններից եւ հատկապես Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից ու խորհրդարանական կարգի անցնելուց հետո պետք է որոշվի, թե հայկական կողմից ով է բանակցելու: «Շահագրգիռ» կողմերը հասկանում են, որ եթե հարցը մոտակա տարում չլուծվի, հնարավոր է հետո «բյուրոկրատական» խառնաշփոթ առաջանա:

Այդ կապակցությամբ պետք է ենթադրել, որ ընտրություններից հետո «շահագրգիռ» կողմերը, մասնավորապես Ռուսաստանը հնարավոր է արագացնեն բանակցությունների ընթացքն իրենց ձեռնտու ուղղությամբ: Իսկ Հայաստանի խորհրդարանում պետք են ուժեր, որոնք կաջակցեն այս սցենարին:

Ամենաընթերցվածը