Երեւանը դնում է ռուսական ռազմակայանի տրանսֆորմացիայի հարցը

    • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 23:22
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Երեւանն ու Անկարան նստեն բանակցության սեղանի շուրջ, ապա Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը եւ սահմանը բացելուն:

Լավրովը հիշեցրել է նախորդ փորձի եւ դրանում Ռուսաստանի մեծ դերի մասին: Խոսքը ֆուտբոլային դիվանագիտության մասին է, որի պատմությունը թերեւս թարմ է հանրային հիշողության մեջ:

Լավրովը խնդրին անդրադարձել է հարցազրույցում, որ տվել է Regional Post – Caucasus հանդեսին եւ ինչը տեղակայվել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Այդ պատճառով դժվար է ասել՝ անդրադարձի առիթը միայն հա՞րցն է, թե՞ Մոսկվան ունի հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի վերականգնման որոշակի նոր ծրագիր, որը կարող է լինել ռուս-թուրքական հարաբերության կարգավորման մաս:

Իհարկե կասկած չկա, որ Հայաստանի խնդիրը, հայկական հարցը ռուս-թուրքական օրակարգի մաս է, եւ խնդիրը ծավալն է կամ տվյալ պահի առաջնահերթությունը:

Մարտի 11-ին Երեւանում ռուսաստանյան Վալդայ փորձագիտական բանավիճային միջազգային ակումբի արտագնա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուշագրավ ակնարկ էր արել ռուս-թուրքական 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի մասին, որը ռուս-թուրքական հարաբերության քաղաքական պլատֆորմը կամ հիմքն է առ այսօր:

Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե հայերի մեջ խորը վիրավորվածություն կա հայկական տարածքների հարցում պայմանավորվածություններից, որ եղել է դարասկզբին: Բայց պետք է առաջնորդվել իրողություններով, նաեւ հայտարարել էր Սարգսյանը:

Թեեւ առանց ուղղակի արտահայտությունների, այդուհանդերձ Սարգսյանի ակնարկը կարծես թե աննախադեպ է ռուս-թուրքական պայմանավորվածություններին տրվող պաշտոնական Երեւանի գնահատականի համատեքստում:

Վիգեն Սարգսյանը միեւնույն ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը դիտարկում են Թուրքիային զսպող գործոն: Դրանից երկու օր անց Իզվեստիա թերթում հոդված էր հրապարակել Սերժ Սարգսյանը, որում խոսում էր 102-րդ ռազմակայանի շուրջ հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծման մասին, որը երկկողմ նշանակությունից բացի, կստանա նաեւ տարածաշրջանային ընդգրկում:

Ինչ առավել խորը բովանդակություն կամ պատկերացում կա Երեւանի այդ առաջարկի կամ մտադրության տակ, դժվար է ասել: Հատկապես որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի քննարկումներում դրա վերաբերյալ տեղեկություններ չկան եւ պարզ չէ, թե մոտեցմանն ինչպես է վերաբերում Ռուսաստանը:

Սակայն, դիտարկելով Երեւանի առաջարկը տեսական հարթության վրա, հնարավոր է եզրակացնել, որ փաստացի առաջարկվում է 102-րդ ռազմակայանի ռազմա-քաղաքական «ֆունկցիոնալ» վերակազմակերպում, որը Հայաստանի անվտանգության հարցում «պարեկային» գործնականում ստատիկ գործառույթից՝ այն էլ թերեւս ավելի շուտ ռուս-թուրքական պայմանագրի, քան Հայաստանի անվտանգության պարեկությունից, անցում կկատարի Հայաստանի անվտանգության ամենօրյա սնուցման գործառույթի՝ ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքի շնորհիվ:

Արդյոք դա Երեւանի պատասխանն է հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ որեւէ առաջարկ պարունակող ռուսական որեւէ նախաձեռնության, թե՞ Լավրովի միջոցով Ռուսաստանն է Երեւանի նախաձեռնությանն արձագանքում, խոսելով Անկարայի հետ սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին:

Ընդ որում, դա կարող է լինել Երեւանի նախաձեռնության մերժու՞մ, թե՞ պայման՝ դրա վերաբերյալ քննարկումները շարունակելու եւ խորացնելու, կամ համաձայնության գալու համար, միաժամանակ չնեղացնելով Թուրքիային:

Բայց արդյոք հնարավոր է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը գտնվի Հայաստանի շահին եւ անվտանգությանը համահունչ տրամաբանության մեջ՝ չունենալով Թուրքիային նեղացնելու տրամաբանության շրջանակ:

Ամենաընթերցվածը