Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի ակնարկն Ալիեւին

    • Քաղաքականություն - 17 Փետրվարի 2017, 20:02
«Ուրբաթ օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի փախստական Թոֆիկ Ջաբրաիլովի հետ: Ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է, թե ինչպես է Ջաբրաիլովին հաջողվել ոտքի կանգնել «1992 թվականին փետրվարի 25-26-ին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո» և հիմնել սեփական փոքր բիզնեսը», հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը օրերս մերժել էր արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին ուղղված Բաքվի հրավերը՝ այցելել Չոջուխ Մարջանլի բնակավայր եւ տեսնել, թե ինչպես է այն վերականգնում եւ վերաբնակեցնում Ադրբեջանը:

Բանն այն է, որ Բաքուն այդ բնակավայրը ներկայացնում է իբրեւ ապրիլի իր «հաղթական» ռազմարշավի արդյունք: Բնակավայրը իրականում մշտապես գտնվել է ադրբեջանական հսկողության գոտում: Այն Լելե Թեփե հայտնի բարձունքի մոտակայքում է, որ Ադրբեջանը գրավեց ապրիլի պատերազմին: Դրանից հետո Ալիեւը փորձում է ներկայացնել, թե իբրեւ ազատագրել է բնակավայրն ու սկսել է վերադարձնել փախստականներին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մերժել է այդ «ակտը» արձանագրելու Ալիեւի հրավերը: Փոխարենը նա այցելել է 1992-ից փախստական Թոֆիկ Ջաբրաիլովին եւ ծանոթացել նրա «ոտքի կանգնելու», հաջող բիզնես սկսելու պատմությանը: Այսինքն, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան ծանոթանում է, թե ինչպես է նոր իրավիճակում ադապտացվում եւ իր կյանքը կառուցում փախստականը:

Առաջին հայացքից զուտ մարդասիրական տարրեր պարունակող այդ ակցիան իրականում ունի շոշափելի տողատակ, երբ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, թե փախստականների գործոնն իր քաղաքականության մեջ ինչ շեշտադրումով է ներկայացրել Ադրբեջանը երկու տասնամյակ շարունակ:

Ադրբեջանի իշխանությունն ամենուր խոսել է 1 միլիոն փախստականի մասին եւ այդ մարդկանց ճնշող մեծամասնությանը պահել որպես խնդրի «ցուցանմուշ», որպեսզի անընդհատ բարձրաձայնի այն, թե պետք է վերադարձնել Ադրբեջանից «վերցրած» 20 տոկոսը, որպեսզի մարդիկ վերադառնան եւ բնակվեն, վերգտնեն իրենց մարդկային բնականոն կենսակերպը:

Չոջուխ Մարջանլիով Ալիեւը փորձում է դրսեւորել հենց իր մարտավարության գործնական օրինակ, այդպիսով ամրացնելով պատերազմի միջոցով տարածք վերադարձնելու իր «իրավունքը» եւ դրան փորձելով տալ միջազգային լեգիտիմություն:

Փաստացի, այդ հանգամանքը լեգիտիմացնելու իր բաժնից է հրաժարվում ԱՄՆ, իր դեսպանի հրաժարման միջոցով: Իսկ հաշվի առնելով ԱՄՆ դերակատարումը միջազգային քաղաքականության մեջ, Ալիեւը փաստորեն զրկվում է «պատերազմի իր տեսության» միջազգային լեգիտիմության իսկապես ծանրակշիռ բաժնից: 

Ավելին, դեսպանը փաստորեն ոչ միայն հրաժարվում է լինել Չոջուխ Մարջանլի «օպերացիայի» ականատեսը, այլ Ալիեւին ցույց է տալիս իր՝ ԱՄՆ նախընտրելի օրինակը, նոր կյանքին ադապտացված եւ բիզնես անող փախստականի տեսքով:

Օրինակ, որով ԱՄՆ բավական հստակ ազդակ է ուղարկում Ադրբեջանի նախագահին, այն տողատակով, որ բավական է շահարկել մեկ միլիոն փախստականի հանգամանքը եւ փորձել մարդկային ողբերգությունը դարձնել «պատերազմի իրավունքի»՝ մարդկային նոր ողբերգությունների գեներացիայի առարկա: