Փոխվում է անվտանգության համակարգը

    • Քաղաքականություն - 17 Փետրվարի 2017, 18:09
Մինչ Դոնալդ Թրամփը հանրությանը զբաղեցնում է էպատաժով, աշխարհում անվտանգության ոլորտում աննկատ, սակայն շեշտադրումների ակնհայտ տեղափոխություն է կատարվում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում:

Մասնավորապես, աննկատ մնաց նորությունը, որ Եվրամիությունը բանաձեւ է ընդունել սեփական զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ: Եվրոպայում, որի մաս է նաեւ Հայաստանը, կարող է մեծ բանակ ստեղծվել:

Որոշումն ըստ ամենայնի ընդունվել է այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ն լուծարի ՆԱՏՕ-ն: Ճիշտ է, Պենտագոնի ղեկավար Մետիսը Եվրոպայում հանդիպումների ժամանակ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին: Նա սակայն պահանջել է, որ մյուս երկրներն էլ կատարեն իրենց պարտավորությունները: Դա նշանակում է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու մեծացնել ռազմական ծախսերը: Հնարավոր է, նրանք գերադասեն ստեղծել սեփական բանակը:

Մեկ այլ նորություն էլ աննկատ մնաց. ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուժեղացնում են իրենց ներկայությունը Սեւ ծովում: Ընդ որում, դրա համար մտադիր են ներգրավել մեր հարեւան Վրաստանին: Վրաստանում օրերս որոշվել է գերմանական Հոհենֆալում ԱՄՆ բազայի նմանությամբ ռազմական պատրաստության կենտրոն բացել (Հոհենֆալում զինվորներին նախապատրաստում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելուն): Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան Գերմանիա այցի արդյունքներով, որտեղ հանդիպել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Բեն Հոջեսին:

ԱՄՆ-ն  մտադիր է Սեւ ծովում ռազմական աջակցություն ցույց տալ Ուկրաինային: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը վերսկսելու առիթ դեռ չկա: Ավելին, Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքն է անվանել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն ու ահաբեկչությունը:

Եվրոպական անվտանգության համակարգում ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանն իր խոշոր եւ մարտունակ բանակով: Հայկական բանակը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանը նաեւ ՀԱՊԿ անդամ է: Չնայած այդ ռազմական դաշինքը լուրջ չի ընկալվում անգամ Մոսկվայում՝ Հայաստանը պնդում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվի իրեն:

Պե՞տք է սպասել ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի վախճանին «լոկալ» դաշինքներ ստեղծելու համար: Նման ելքը հավանաբար չի բացառվում, դատելով այն բանից, որ Եվրամիությունը մտադիր է սեփական բանակը ստեղծել ՆԱՏՕ-ի կողքին, որին երկար տարիներ վստահել էր իր անվտանգությունը: