Որտեղ են տեղակայվելու հետաքննության մեխանիզմները

    • Քաղաքականություն - 11 Հունվարի 2017, 19:34
Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Տավուշի մարզ եւ երեք հայ զինվորի է սպանել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարություն են արել՝ կոչ անելով ներդնել վաղուց արդեն առաջարկվող հետաքննությունների միջազգային մեխանիզմները:

Մեխանիզմների ներդրման հարցն Ադրբեջանի մոտ նախեւառաջ հարց է առաջացնում, թե որտեղ են տեղադրվելու սարքավորումները: Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են՝ թող Հայաստանը հետ քաշի զորքերը, նոր սահմանի հաստատվի եւ ինչ ցանկանում են, կարող են տեղադրել:

Այդ տարբերակը ձեռնտու չէ համաշխարհային հանրությանն ու Հայաստանին: Համանախագահներն ու Հայաստանը պնդում են, որ մեխանիզմները ներդրվեն շփման ներկայիս գծին:

Ապրիլյան պատերազմից հետո հետաքննությունների մեխանիզմների հարցը մի քանի անգամ անկում եւ վերելք է ապրել: Ինչ-որ պահի թվում էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարողացել են հարցը հանել օրակարգից եւ փոխարինել իրենց մեխանիզմներով, մասնավորապես, Լավրովի պլանով, որը նախատեսում է «տարածքների վերադարձ», նոր սահմանների հաստատում եւ ռուսական կամ ՀԱՊԿ զորքերի տեղակայում:

Հայաստանն ու արեւմտյան գործընկերները, սակայն, ամեն անգամ հարցը վերադարձնում են օրակարգ: Երեւանը հստակ հայտարարել է, որ քաղաքական բանակցությունները կվերսկվեն միայն Վիեննայի համաձայնագրերի իրականացումից, այլ կերպ ասած՝ մեխանիզմների ներդրումից հետո:

Նախադրյալներ կա՞ն, որ համաշխարհային հանրությունը մտադիր է «ստիպել» Ադրբեջանին հետաքննությունների մեխանիզմներ ներդնելու հարցում: Դա չի բացառվում, եւ հավանաբար այդ պատճառով է Իլհամ Ալիեւը որոշել փոխել դրանց տեղակայման վայրը:

Հայաստանի Հանրապետության սահմանին ռազմական եւ դիվերսիոն գործողություններ իրականացնելով՝ Ալիեւն «ակնարկում է», որ մեխանիզմները պետք է ներդրվեն հայ-ադրբեջանական սահմանին: Հայաստանի սահմանին այդ սարքավորումների անհրաժեշտությունը զրոյական է: Այն առանց այդ էլ միջազգայնորեն ճանաչված է ու պաշտպանված, այդ թվում հավաքական անվտանգության պայմանագրով:

Մեխանիզմները՝ որպես անվտանգության երաշխիք, պետք է տեղադրվեն Արցախի եւ Ադրբեջանի սահմանին, սակայն Ալիեւն ու նրա հովանավորները դա ընկալում են որպես հարկադրանք եւ մանեւրի սահմանափակում:

Ելնելով այդ տրամաբանությունից՝ պետք է սպասել, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին նոր սադրանքների կդիմի: Ալիեւը պետք է «ապացուցի», որ Ղարաբաղում մեխանիզմներ պետք չեն եւ ավելի անհրաժեշտ են Հայաստանի սահմանին: Ալիեւի համար գլխավորն այն է, որ մեխանիզմները Ղարաբաղում չլինեն եւ չարձանագրեն ներկայիս սահմանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հայտարարել է հետաքննությունների մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին՝ կոչ անելով համանախագահներին հետեւողական լինել: Հավանաբար, Էդվարդ Նալբանդյանը պետք է հստակ նշի, որ այդ մեխանիզմները ոչ թե Հայաստանի պետական սահմանին, այլ Ղարաբաղում պետք է ներդրվեն:

Ամենաընթերցվածը