Թրամփի թիմը քննարկումներ է սկսել Իրանի հետ միջուկային գործարքի ապագայի շուրջ

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 11:21
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը խիստ անկատար է, եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն ու իր խորհրդականներն արդեն ներքին քննարկումներ են սկսել այն բանի շուրջ, թե Վաշինգտոնը ինչպես պետք է վարվի նշված գործարքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի հաջորդ փոխնախագահ Մաքլ Փենսըը:

Նրա խսքով՝ Թրամփի անցումային թիմն «արդեն ներքին բանավեճ է սկսել» այն մասին, թե ինչ ապագա է սպասում Իսլամական Հանրապետության հետ կնքված համաձայնագրին: Նա ընդգծել է, որ «ընտրված նախագահը խիստ մանրակրկիտ է դիտարկելու» այդ հարցը:

Ինչպես նշել է Փենսը, Թրամփի օգնականները այդ հիմնախնդրի լուծման գործընթացում մտադիր են նրան առաջարկել լավագույն տարբերակները, որոնք «առաջին տեղում են դնում Միացյալ Նահանգների ու նրա ամենարժեքավոր դաշնակիցների շահերը»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Իրանի հետ կնքված միջուկային գործարքը «խայտառակություն է ԱՄՆ-ի համար»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին: Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ:    

Այժմ փաստաթուղթը պետք է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը