Երկու կարեւոր իրադարձություն աշնան վերջին օրը

    • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 09:55
Ինչպես է միավորված զորախմբի համաձայնագիրը կապված Ղարաբաղի հետ

2016 թվականի աշնան վերջին օրը երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Այդ իրադարձությունները կարող են վկայել այն կուրսի մասին, որն ընտրել է Հայաստանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի քաղաքական դասը:

Առաջին իրադարձությունը Մոսկվայում հայ-ռուսական միավորված զորախմբի համաձայնագրի ստորագրումն է: Հայաստանի քաղաքացիների համար այդպես էլ չի հստակեցվում, թե ինչպես են փոխվելու Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործառույթները, հայկական որ ստորաբաժանումն է ընդրկվելու խմբավորման մեջ, ով է լինելու հրամանատարը ռազմական գործողությունների ժամանակ:

Հետաքրքիր է, որ ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հրահանգել է անհրաժեշտության դեպքում գաղտնի դարձնել Ռուսաստանի ռազմական համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը: Հնարավոր է, դա վերաբերվում է նաեւ միավորված ռազմական խմբավորմանը: Սակայն, եթե այդ խմբավորումը համապատասխանում է Ռուսաստանի ու Հայաստանի շահերին, ապա ումի՞ց են թաքցնում մանրամասները:

Սա միջպետական համաձայնագիր է եւ թերեւս որոշիչ է լինելու տարածաշրջանային հարաբերություններում, եւ արժե, որ Հայաստանի ԱԳՆ-ն իր գնահատականը հնչեցնի: Համաձայնագիրը Հայաստանի նախաձեռնությու՞նն էր, որը համարել է, որ դրանով կամրապնդի անվտանգության համակարգը եւ կկանխի հավանական ագրեսիան: Թե՞ դա Ռուսաստանի նախաձեռնությունն էր, որը չի թաքցնում, որ տարածաշրջանն իր ազդեցության գոտին է համարում, իսկ Հայաստանը՝ «ֆորպոստ»:

Համաձայնագիրը հանրային մեծ ուշադրության չի արժանացել, կարծես թե բոլորը սպասում էին դրան Հայաստանի «ռուսաֆիկացման» համատեքստում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց, ստրկական էներգետիկ պայմանագրի ստորագրումից, Պերմյակովի գործով դատավարությունից եւ ռուսերեն լավ խոսող մարդկանց կառավարությունում նշանակելուց հետո:

Երկրորդ կարեւոր իրադարձությունը Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի մեկնաբանությունն էր «7 շրջանների վերադարձի» մասին: Մեկնաբանությունը հնչել է ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը Ֆրանսիային անցնելու եւ դեկտեմբերի սկզբին Համբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հավանական հանդիպման մասին տեղեկությունների ֆոնին:

Տարածաշրջան է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահը, որը, ինչպես ասում են, նոր առաջարկներ է բերում նախագահ Օլանդից: Երեկ Ֆրանսիայի եվրաինտեգրացիայի հարցերով նախարար Արլեմ Դեզիրն ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, եւ ինչպես ասում են, խոսք է գնացել Օլանդի «լավ» առաջարկների մասին:

Հայտնի չէ, թե ինչ առաջարկներ են դրանք, սակայն այդ ֆոնին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի մեկնաբանությունները հնչում են որպես յուրատեսակ պատասխան: Փաստացի, Վլադիմիր Հակոբյանը հաստատել է, որ Հայաստանը դեմ չէ «վերադարձնել» «անվտանգության գոտի համարվող շրջակա տարածքները», սակայն պայմանով, որ Արցախն անկլավ չլինի ու որոշվի նրա կարգավիճակը:

Հակոբյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին այդ տարածքների ներկայիս կարգավիճակն արդարացված է թվում, սակայն չի պնդել, որ այդ կարգավիճակը ճանաչվի:

Ֆրանսահայ փորձագետ Կայծ Մինասյանը կարծում է, որ Ֆրանսիայի նախաձեռնությունը հաջողություն չի ունենա, եւ եթե անգամ Հայաստանն ընդունի, Ադրբեջանը կհրաժարվի: Օլանդը, սակայն, կստանա հայ համայնքի աջակցությունը:

Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի, եւ նախաձեռնությունը, հնարավոր է, վերջնականապես կանցնի Ռուսաստանին: Ամերիկացի փորձագետ, ԱՄՆ Արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի աշխատակից Սթիվեն Բլանկը կարծում է, որ Ռուսաստանն իր շուրջ հակաօդային եւ ցամաքային գոտի է ստեղծում, եւ Հայաստանը դառնում է դրա մասը: Նա կարծում է, որ Ռուսաստանը, կառուցելով իր «էլիպսը», կկարողանա իր ցանկացած ձեւով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Այդ առումով, արդյոք միավորված զորախմբի համաձայնագիրը ռուսական «էլիպսի» կառուցման մաս է, եւ ֆրանսիական պլանի «մերժումից» հետո Ռուսաստանն իր բաղադրատոմսով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ավելի մեծ հնարավորություն կստանա:

Ամենաընթերցվածը