Ռուս-թուրքական սկանդալները շարունակվում են

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 20:07

Ռուս-թուրքական հարաբերությունները ուշագրավ զարգացումներ են ունենում: Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիայի զինուժը նպատակ ունի տապալել Ասադի ռեժիմն ու վերադարձնել Սիրիան իր իսկական տերերին:

Այս հայտարարությունը Ռուսաստանում մեծ աղմուկ է առաջացրել: Երեկ ողջ օրը ռուսական պաշտոնական շրջանակները եւ մասնավորապես ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան փորձում էին արդարացնել Էրդողանին, խնդիրը վերագրելով թարգմանության խնդիրներին, թուրքերենի առանձնահատկություններին:

Բավական զավեշտալի պատկեր էր՝ ռուսական պաշտոնական շրջանակները փորձում էին ապացուցել, որ Էրդողանն այն չէր ասել, ինչ ասել էր: Թեեւ, տրամաբանությունը հուշում է, որ հենց թուրքական կողմը պետք է նման կերպ վարվեր, եթե այդ հայտարարությունը հարված է եղել Ռուսաստանին:

Սկանդալը շարունակվել է Թուրքիայում, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը ասուլիս է տվել Թուրքիայի իր գործընկերոջ հետ: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել:

«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով», հայտնել է Զախարովան:

Ի դեպ, մասնագետները պնդում են, որ թուրքերենը պարզ լեզու է եւ առանձնապես յուրահատկություններ չունի, ինչպես ասենք արաբերենը կամ հայերենը: Այնպես որ, այստեղ գործ ունենք ոչ թե թարգամանական բարդությունների, այլ ռուս-թուրքական հարաբերությունների յուրահատկությունների հետ: Ընդ որում, արդարացնողի դերում Ռուսաստանն է: Ավելի յուրահատուկ իրավիճակ դժվար է պատկերացնել:

Ամենաընթերցվածը