ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու դրանց հեռանկարը

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 18:39
ԵՄ-Հայաստան հարաբերությունները և նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակում են բազմաթիվ քննարկումների տեղիք տալ: Վերջերս Եվրոպական հարևանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Մեդիամաքսին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ համապարփակ համաձայնագրի բանակցությունների ընթացքը ավարտին է մոտենում: Ստորև փորձենք հասկանալ, թե նախատեսվող համաձայնագիրը ինչպիսի բովանդակություն կարող է ունենալ:

Մտրակի ու կարկանդակի մեթոդը

Ակադեմիական գրականության մեջ հարևանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ Եվրամիության հարաբերությունների ամենաընդունված բնորոշումը «մտրակի և կարկանդակի մեթոդն» է, որտեղ առևտրատնտեսական հարաբերությունները կարկանդակն են, իսկ հարևան երկրի ներսում ԵՄ-ի կողմից առաջ տարվող բազմաթիվ բարեփոխումները՝ ժողովրդավարություն սերմանող մտրակ հակաժողովրդավար ուժերի դեմ: Սովորաբար, ինչքան մեծ է կոնկրետ երկրի տնտեսական կախվածությունը ԵՄ-ից, այնքան այն ավելի հակված է օրենսդրական փոփոխություններ կատարել թե առևտրատնտեսական, և թե ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտներում:

Այսպես, օրինակ, Մոլդովան, որի ապրանքների 60 տոկոսից ավելին 2014 թ. արտահանվել է ԵՄ երկրներ, Արևելյան գործընկերության երկրների մեջ նույն տարվա ընթացքում առաջին տեղն է գրավել օրենսդրական փոփոխություններ կատարելու իր պատրաստակամությամբ: Այլ կերպ ասած՝ ԵՄ հարևանության երկրների օրենսդրական բարեփոխումներ կատարելու ձգտումը ուղղակիորեն կախված է Եվրամիության հետ նրանց տնտեսական հարաբերությունների ծավալից, քանի որ օրենսդրական փոփոխությունները նախ և առաջ հեշտացնում են տնտեսական համագործակցությունը ու հարևան երկրին տալիս նոր տնտեսական շահեր:      

Ցավոք սրտի, Հայաստանի դեպքում տնտեսական օրենսդրության հեշտացման գործընթացը այլևս առաջնային նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Հայաստանը այժմ ԵԱՏՄ անդամ է: Հետևաբար զարմանալի չէ, որ վերոհիշյալ հարցազրույցի ընթացքում Հանը նշել էր, - «Բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել, սակայն մենք չպետք է թերագնահատենք առկա խնդիրները՝ հիմնականում առևտրի ոլորտում»:

Ուրեմն վե՞րջ

Արդյո՞ք առևտրատնտեսական ոլորտում ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցման պատճառով առաջացած ԵՄ-Հայաստան մերձեցման խոչընդոտները նշանակում են, որ նախատեսվող համաձայնագիրը կկրի ավելի շուտ ձևական տեխնիկական բնույթ, քան թե կստեղծի իսկապես շահավետ հնարավորություններ Հայաստանի համար:

Անցած տարվա ընթացքում ԵՄ և Երևանի միջև կնքված մի շարք համաձայնագրեր ցույց են տալիս, որ Եվրամիությունը փորձում է Հայաստանին տալ այլ «կարկանդակներ»՝ առաջարկելով Հայաստանին իսկապես շահավետ համագործակցության հնարավորություններ, որոնք ԵԱՏՄ վերահսկողության շրջանակից դուրս են:

Զարմանալի չէ, որ Հայաստանը 2016 թ. միացավ կամ առաջարկություն ստացավ միանալու մի շարք ԵՄ նախագծերի: Այսպես, օրինակ, Հայաստանը դարձավ Հորիզոն 2020 ծրագրի անդամ, որը հսկայական օգուտներ է խոստանում ՀՀ-ին գիտության ոլորտում: 2016 նոյեմբերին հայտարարվեց, որ կսկսվեն բանակցություններ Երևանի ու Բրյուսելի միջև՝ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Սա հնարավորություն կտա զգալիորեն իջեցնել օդային փոխադրումների գինը: Այս տարի սկիզբ է դրվել նաև Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը Հայաստանի միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ «Կարկանդակների» բարեհաջող իրականացումը հնարավորություն կտա ԵՄ-ին Հայաստանում առաջ տանել քաղաքական բարեփոխումների փաթեթը՝ ժողովրդավարություն սերմանող այսպես կոչված «մտրակը»՝ հակաժողովրդավար ուժերի դեմ:

Ուստի կարելի է ակնկալել, որ նախատեսվող համապարփակ համաձայնագիրը ևս կներառի վերոհիշյալ ծրագրերի նման համագործակցության հնարավորություններ: Այսպես, օրինակ, եթե առևտրի ազատականացումը անհնար է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պատճառով, ապա ներդրումների ոլորտում Հայաստանը կարող է և պետք է կատարի բարեփոխումներ, որպեսզի հեշտացնի եվրոպական ներդրումների հոսքը Հայաստան: Հետևաբար նոր համաձայնագիրը անկասկած կներառի ներդրումների ոլորտում համագործակցության մասին կետեր: 2016-ի ընթացքում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները ցույց են տալիս, որ ցանկության դեպքում կարելի է գտնել բազմաթիվ հնարավորություններ Հայաստանը Եվրոպային ավելի մոտ դարձնելու համար:

Աննա Փամբուխչյան, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»