Էրդողանի «բարեկամական դաշույնը» դարձյալ Պուտինի կռնակին

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 18:02
Ալ-Ասադը հարձակվում է, Թուրքիան հանդգնում է սադրել Ռուսաստանին, իսկ Հայաստանը շարունակում է խուսափել Միջինարեւելյան զարգացումներից, մանրադրամի «խուրդվելու» հեռանկարով:

Գերարդիական C-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայի զինուժին փոխանցելու շուրջ Մոսկվայի ու Անկարայի միջեւ վարվող բանակցությունների ֆոնին Թուրքիայի հանրապետության նախագահ Էրդողանը հայտարարել է, թե «իր զինուժը նպատակ ունի գցել Ասադին ու վերադարձնել Սիրիան իր իսկական տերերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը, հետեւելով Իսրայելի պահանջին, հրաժարվել է Դամասկոսին մատակարարել արդեն իսկ պայմանագրված C-300 ՀՕՊ եւ ISKANDER-E համակարգերը: Նշենք նաեւ, որ սիրիական պատվերով արտադրված համակարգերը ի վերջո փոխարինվել են սիրիական Տարտուս-Լաթաքիայում եւ Միջերկրականի Հայոց Ծոցում բուն ռուս օդային եւ ծովային ուժերի ծավալուն ներկայությամբ եւ, արդյունքում, փոխանցվել Հայաստանին:

Էրդողանը իր հրապարակային հայտարարությունը արել է Երուսաղեմի խնդրի՝ պաղեստինյան պահանջների ծիրում լուծելու շուրջ Թուրքիայի խորհրդարանի կողմից հրավիրված միջազգային կոնֆերանսում: Նախագահին հետ չի պահել նույնիսկ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Թուրքիա: Տեղի՝ Ստամբուլ, իսլամական միջավայրի եւ պահի հանգամանքները հուշում են, որ Էրդողանի խոսքերը ամենեւին էլ ներքին լսարանին ուղղված հերթական զգացմունքային պոռթկումը չեն: Մինչդեռ հենց դա են կմկմալով պնդում ՌԴ երկրորդ շարքի պետական գործիչները, պատասխանելով տեղական ապշահար մամուլի հարցերին:

Էրդողանի ընտրած պահը, թերեւս, բեկումնային է սիրիական, նաեւ՝ Միջին Արեւելքի հայկական ողբերգության համար: Բանն այն է, որ օրերս ռուսական օդուժի եւ, հավանաբար, ցամաքային հատուկ ջոկատների օժանդակությամբ, Բաշար ալ-Ասադը հաջողել է ճեղքել արեւմտամետ եւ թուրքամետ ուժերի ճակատը Հալեպի արեւելյան շրջաններում: Միեւնույն ժամանակ, կառավարական ուժերը հարձակում են ծավալել ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ: Հարձակումը իրականացվում է ասադական հովանու ներքո վերջերս կազմավորված քրդական գումարտակների մասնակցությամբ: Հյուսիս-արեւմուտքից նույն ուղղությամբ են առաջանում նաեւ սիրիական սահմանը հատած թուրքական զրահատանկային շարասյունները՝ տեղական հիմնականում թրքախոս ցեղախմբերի զինյալների աջակցությամբ:

Թուրքերի առաջխաղացումը Սիրիայի խորք իրականացվում է ռուս ՀՕՊ ուժերի լիակատար լռության պայմաններում: Գրավվում են Մուսա Լեռան շրջանից (ներկայիս Թուրքիայի Հաթայ գավառը) հարավ ընկած սիրիական տարածքները: Այդ տարածքները, ինչպես եւ մինչ այժմ տեղ-տեղ հայաբնակ Մուսա Լեռան շրջակայքը միշտ վիճարկվել են հարեւան պետությունների կողմից: Հիշեցնենք, որ հենց տեղաբնակ թուրքմեն զինյալները սպանեցին SU-24 ճակատային ռմբակոծչի ռուս օդաչուին, երբ նա փորձում էր փրկվել թուրք F-16C կործանիչ զույգի կողմից խոցված մեքենայից:

Այսպիսով, Էրդողանի կեսբերան ներողությունից հետո վերսկսված ռուս-թրքական «հակաահաբեկչական» գործակցությունը բախվեց մի իրավիճակի, որը, ըստ երեւույթին, չէր ենթադրվում պայմանավորվող կողմերից մեկի, հնարավոր է նաեւ՝ երկուսի էլ կողմից: Ալ-Ասադը, 3 տարի անընդմեջ պարտվելով, կարողացավ ակնառու հաջողության հասնել Հալեպում, շարժվեց թուրքերին ընդառաջ դեպի ալ-Բաբ, եւ վերջապես, բազմիցս զգուշացնելուց հետո, անշուշտ ռուսական հետախուզական տվյալներին հենվելով, օդից հարվածեց թուրքական զինուժին, վերջինիս մարդկային կորուստ պատճառելով:

Այս զարգացումը Էրդողան-Պուտին հրատապ հեռախոսազրույցների առարկա դարձավ, սակայն կողմերը, դատելով Էրդողանի հայտարարությունից, չեն կարողացել հարմարվել ալ-Ասադի կերտած նոր իրողության պայմաններին: Թուրքիայի նախագահը իր հայտարարությամբ դիմել է ծայրահեղ միջոցի, որը դուրս է գալիս գաղտնի դիվանագիտության, եւ առհասարակ դիվանագիտության շրջանակից: Էրդողանի հաշվարկը ենթադրում է, որ Ռուսաստանի նախագահը երկրորդ անգամ այլեւս չի կարողանա հայտարարել «թիկունքից դաշնահարվելու» մասին, որպեսզի չկրի քաղաքական անհամաչափ վնասներ:

Հավանական վնասները երկակի են: Նախեւառաջ, չնայած բնակչությունը լիովին աջակցում է Պուտինին, իսկ Անթալիայում հանգստանալը ու էժան լոլիկ գտնելը ռուս քաղքենու համար կենսական անհրաժեշտություն է դարձել, այդուհանդերձ, օդաչուի սպանությունը ծանրացել է մարդկանց խղճին: Հիմա նորի՞ց շոշափել այդ հարցը: Երկրորդը, Թուրքիան թիկունքում ԱՄՆ ու ՆԱՏՕ ունի, իսկ Ռուսաստանը… ընդամենը ՀԱՊԿ: Զրկվել թեկուզ կեղծ բարեկամ Թուրքիայի՞ց: C-400-ն ո՞ւմ վաճառել: Ո՞ւմ վրա հենվել Սիրիայում, Սիրիայի շուրջ, Կասպից շրջանի արեւմուտքում եւ առհասարակ Միջին Արեւելքում: Միջազգային ասպարեզում գլուխը ավազի մեջ թաղած եւ, իբրեւ արդյունք, իր իսկ սահմանամերձ շրջանները մեծ լարումով բնակելի պահող Հայաստանի՞ վրա:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ՄԵԿՆԱԲԱՆ