Գազպրոմի նվերը Հայաստանի իշխանությանը. ում է ենթարկվում քաղաքականությունը

    • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 16:54
Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ 2018 թվականին գազի գինը կարող է բարձրանալ, քանի որ դա բխում է Գազպրոմ Արմենիա ընկերության ներդրումային ծրագրի տրամաբանությունից: Թերթը գրում է, որ գազի գնի ներկայիս նվազեցման համար Գազպրոմ Արմենիան նվազեցրել է նաեւ 2017 թվականի իր ներդրումային ծրագիրը, սակայն 2018-ի համար ունի կրկին մեծ ներդրումային ծրագիր, ինչը նշանակում է, որ գինը կարող է բարձրանալ, քանի որ ներդրումները ներառվում են գնի մեջ: Թերթը եզրակացնում է. իրավիճակը վկայում է, որ գազի գնի նվազեցումը քաղաքական որոշում էր:

Գազպրոմ Արմենիայի ղեկավարությունն այս օրերին հայտարարել է, թե անգամ գազի գնի նվազեցման իրենց թվարկած մի քանի գործոնները չարդարանալու դեպքում, Գազպրոմ Արմենիայի սեփականատեր Գազպրոմ ընկերությունն իր վրա կվերցնի գազի գնի նվազեցման այսպես ասած փոխհատուցումը, եւ գինը վերստին չի թանկանա:

Իհարկե, ընկերությունը խոսել է կարծես թե 2017 թվականի համար, եւ հարց է առաջանում, թե Գազպրոմը քանի՞ տարի է պատրաստ «փոխհատուցել» գնի նվազեցումը: Այնքան, որքան վարչապետ կմնա Կարեն Կարապետյա՞նը` նախկին «գազպրոմականը», եթե իհարկե գազպրոմականն էլ դաշնակցականի նման չի լինում նախկին: Թե՞ Գազպրոմը գազի էժան գին կտա այնքան, քանի դեռ Ռուսաստանի վարկանիշի խնդիր ունի Հայաստանի հանրության շրջանում:

Իհարկե, դեռ հարկավոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչքան է գազի գնի նվազեցման մեջ Գազպրոմի մասնակցության բաժինն ու բովանդակությունը: Պետք է նկատել, որ Հայաստանում գազի գնի նվազման մասին խոսակցությունը սկսել է դեռեւս վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարումից: Այդ խոսակցությունը ծավալվել է Վրաստան-Գազպրոմ-Իրան բանակցությանը զուգահեռ, որտեղ քննարկվում էր նաեւ Հայաստանի տարածքով իրանական գազի Վրաստան տարանցման հեռանկարը: Այդ տարանցումը կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, բայց Գազպրոմին պատկանող համակարգով` փոխանակման սկզբունքով: Պետք չէ բացառել, որ Գազպրոմն այդ գործարքից ստանում է բավարար շահույթ, ինչը թույլ է տալիս Հայաստանի համար էժանացնել գազը: Ավելի շուտ, Հայաստանի «տարանցիկ» շահը հենց գազի գնի էժանացումն է:

Ի դեպ, հետաքրքիր է, որ հենց գազի գնի նվազեցման նախաձեռնության նոր թափին եւ որոշումներին զուգահեռ, կնքվեց հայ-իրանական համաձայնագիր Հայաստանին գազ վաճառելու մասին, որը Հայաստանը պետք է վաճառի երրորդ երկրների:

Թերեւս բավական պարզունակ կլինի դիտարկել, թե Գազպրոմը գնի էժանացումով փորձում է օգնել իր վարչապետ Կարեն Կարապետյանին: Եթե խոսքը քաղաքական օգնության մասին է, ապա հազիվ թե երաշխավորված է, որ այդ օգնությունից օգտվելու է հենց Կարապետյանը: Ավելին, ամենեւին երաշխավորված չէ, որ այդ օգնությունը բավարար է, որպեսզի Հայաստանի հասարակությունն ընդունի Կարապետյանին: Նրանից սպասվում է ավելի խորքային էֆեկտ, ինչպես կսպասվեր ցանկացածից:

Հնարավոր է տնտեսական օգնության էֆեկտը, քանի որ գազի գնի էժանացումը կարող է ունենալ այդպիսին: Ձեռնարկությունները եւ քաղաքացիները կարող են փող խնայել եւ այդ փողը ծախսել այսպես ասած այլ ապրանքների սպառման ուղղությամբ, կամ որոշակի ներդրումների, ինչն էլ կարող է աշխուժացնել տնտեսությունը: Բայց, միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, որպեսզի միայն այդ էֆեկտի շնորհիվ հնարավոր լինի լուծել որեւէ էական խնդիր: Հայաստանի տնտեսությանը պահանջվում է այլ միջամտություն եւ առավել մասշտաբային:

Այն, որ գազի գնի նվազեցումը քաղաքական որոշում է, աներկբա է: Բայց, նշանակու՞մ է դա արդյոք, որ դա կատարվում է Գազպրոմ Արմենիայի շահութաբերության կամ եկամտաբերության հաշվին: Խոսքը կարող է լինել ընդամենը ծավալների մասին: Այսինքն, արդյոք Գազպրոմ Արմենիան կորցնում է այնքան, որ դա սպառնում է ընկերության բնականոն աշխատանքին եւ զարգացմանը:

Եվ այստեղ առաջանում է մեկ այլ հարց` իսկ որքանով են օպտիմալ ընկերության զարգացման ծրագրերը: Օրինակ, երբ խոսք է գնում այն մասին, որ Հայաստանում գազի գինը եղել է ամենաբարձրներից մեկն աշխարհում` թեեւ սահմանին այդ գինն իբր թե ամենացածրներից էր, Գազպրոմ Արմենիայի կամ Հայռուսգազարդի ղեկավարությունը հայտարարում էր, թե Հայաստանը աշխարհի ամենաընդգրկուն գազաֆիկացիա ունեցող երկրներից է՝ 99 տոկոս, եւ համակարգը պահանջում է պահպանման ծախս: Ասվում է, թե կան շրջաններ, որտեղ գազ կա, բայց բավարար սպառում չկա, մինչդեռ համակարգը պետք է պահպանել:

Առաջանում է մյուս հարցը` իսկ արդյոք տնտեսական տեսանկյունից հիմնավոր է եղել Հայաստանի 99 տոկոս գազաֆիկացիան: Իսկ գուցե տնտեսական առումով օպտիմալ կլիներ ասենք 89 կամ 69 տոկոսը: Ո՞վ է որոշել եւ ինչպե՞ս, որ Հայաստանի գազաֆիկացումը պետք է լինի 99 տոկոս, ո՞վ է հաշվել այդ ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը: Ի՞նչ է արել պետական կարգավորողը` ՀԾԿ կոչված հանձնաժողովը:

Եվ այստեղ առաջանում է եզրահանգման հիմք, որ ոչ միայն գազի գնի նվազեցման որոշումն է քաղաքական, այլ զգալիորեն քաղաքական է եղել Գազպրոմ Արմենիայի կամ Հայռուսգազարդի զարգացման ծրագրերի կամ ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմը:

Օրինակ, Հայաստանի նախագահի իշխանության թեկնածուներն իրենց քարոզարշավի ընթացքում, նախընտրական ծրագրերում ներառել են այս կամ այն գյուղի գազաֆիկացիան: Ընդ որում, Գազպրոմ Արմենիան կամ Հայռուսգազարդը այդ նախագահի իշխանության այդ թեկնածուներին չի ասել, թե հարգելի պարոն թեկնածու, ինչու՞ եք տալիս խոստումներ, որոնք մեր` տնտեսական տրամաբանությամբ գործող ընկերության գործունեության տիրույթում են, գուցե մենք նպատակահարմար չենք գտնում այդ գյուղի գազաֆիկացիան, քանի որ դա չի բերելու անհրաժեշտ եկամտի կամ շահույթի, բայց մյուսների համար առաջ է բերելու գազի գնի թանկացման ռիսկ:

Իսկ եթե եղել է տնտեսական նպատակահարմարություն, ապա ընկերությունը իշխանության որեւէ թեկնածուի չի ասել, թե պետք չէ մանիպուլյացիայի առարկա դարձնել մեզ` մենք այդ գյուղը գազաֆիկացնելու ենք, անկախ նրանից՝ խոստանում եք դուք դա ընտրողներին, թե ոչ:

Այդպիսով, ակնհայտ է, որ գազամատակարարման ոլորտը Հայաստանում եղել է, կա եւ թերեւս լինելու է իշխանության քաղաքական գործիքներից մեկը, եւ տնտեսությունը տվյալ պարագայում ենթարկվում է քաղաքականությանը: Ըստ այդմ, միարժեք է, որ ըստ քաղաքական անհրաժեշտության կարող են մեծանալ եւ փոքրանալ ներդրումային ծրագրերը, կամ իջնել ու բարձրանալ գները:

Այդ իմաստով, Հայաստանի իշխանության համար «գազպրոմական» նվերները ամենեւին նոր չեն, դրանք պարզապես տարբեր են եւ դրանց ձեւի կամ ծավալի վերաբերյալ որոշումը ենթակա է քաղաքական պահի տրամաբանությանը:

Տվյալ պարագայում խորքային խնդիրն այն է, թե Հայաստանում ում է ենթարկվում քաղաքականությունը: