Մոսկվան Իսկանդերները Երեւանի տրամադրության տակ չի դրել

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 16:42
Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի վերլուծաբան, ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհուրդ վերլուծական կենտրոնի աշխատակից Սթիվեն Բլանկը հոդված է հրապարակել ինստիտուտի կայքում, որը վերնագրված է «Ռուսաստանի ներխուժումը Սիրիա և Կովկասը»: Հոդվածում Կովկասում Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը դիտարկվում է Սիրիայում ռազմական գործողությունների համատեքստում:

Հեղինակը նշում է, որ քչերն են Կովկասում զարգացումները դիտարկում Ռուսաստանի Սիրիա ներխուժման համատեքստում: Մոսկվայում այս սխալը չեն անում: Ամենասկզբից էլ Մոսկվան ընդգծել է Կովկասում իր ներկայությունը: Մոսկվան Իսկանդեր հրթիռային համալիրներ է տեղադրել Կալինինգրադում, որը մեծ ուշադրություն է գրավել: Այն Իսկանդեր է տեղակայել նաև Հայաստանում, որը ձևականորեն Հայաստանի վերահսկողության տակ է: Իրականում Մոսկվան Երևանի տրամադրության տակ չէր դնի այդ հրթիռները, որոնք կարող են 500 կմ շառավղով խոցել ցանկացած կետ Ադրբեջանում: Հայաստանում Իսկանդերի տեղակայումն Արևմուտքում ուշադրության չի արժանացել՝ ևս մեկ անգամ ցույց տալով Ռուսաստանի ռազմավարության անտեսումը և անհետաքրքրությունը Կովկասի նկատմամբ: Կովկասը, սակայն, ռազմավարական նշանակություն ունի:

Ռուսաստանն օդային և ծովային պաշտպանության բարդ համակարգ է կառուցում Սիրիայի և Սև ծովի շուրջ: Դա ոչ միայն արգելում է օտարերկրյա ռազմական ներխուժումը Սիրիա, այլ նաև Կովկասը հեռացնում է ՆԱՏՕ-ից և Արևմտյան օդային և ռազմական ուժերից, շրջափակման մեջ վերցնում Թուրքիան հյուսիսից, արևելքից և հարավից:

Սիրիա ներխուժելու համար Մոսկվան թռիչքներ իրականացնելու իրավունք պետք է ստանա կովկասյան երկրներից: Այն բազաներ ունի Հայաստանում, Սիրիայում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրիմում և Դոնբասում: Այս բազաները թույլ են տալիս, ոչ միայն հսկայական տարածքի վրա օդային վերահսկողություն սահմանել, այլ նաև արգելափակում Վրաստանի և Ադրբեջանի պես երկրներին ռուսական սպառնալիքի դեպքում փրկելու հնարավորությունը:

Թուրքիան այլևս արևմտամետ ուժ չէ եւ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը ստիպում է նորից մերձենալ Մոսկվայի հետ: Դա Ադրբեջանին և Վրաստանին զրկում է վստահելի տարածաշրջանային գործընկերոջից և միայնակ թողնում մի տարածքում, որտեղ գերիշխում են Մոսկվան, Թեհրանը, Թուրքիան անկայուն է, իսկ ԱՄՆ-ի ներկայությունը շատ փոքր է:

Հայտնի է, որ Մոսկվան փորձում է մենաշնորհել ղարաբաղյան կարգավորման ցանկացած գործընթաց և ստիպել Ադրբեջանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Միևնույն ժամանակ, Մոսկվան ուժեղացնում է վերահսկողությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա՝ դրան զուգահեռ ավելի շատ ու որակյալ սպառազինություն վաճառելով Հայաստանին: Այս քայլերով Ռուսաստանը կարող է փորձել գերիշխանություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ Վաշինգտոնին և եվրոպական երկրներին զրկելով որևէ նշանակալի ազդեցությունից:

Ռուսաստանի ռազմավարական գործողությունների հետևանքները պարզ են: Եթե ՆԱՏՕ-ն չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել Կովկասի համար կամ այն միացնել իրեն, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումն անիմաստ կդառնա: Քանի դեռ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ընդունել Վրաստանին, նրա հայտը դատարկ ծես կլինի, չեկ, որը չի կարող կանխիկացվել: Վրաստանի և Ադրբեջանի վրա ճնշում կարող է գործադրվել ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցելու համար: Ռուսաստանի ճնշման տակ Եվրոպայի և Թուրքիայի հետ էներգետիկ կապը կարող է կտրվել: Ռուսաստանը կարող է ղարաբաղյան կարգավորման իր տարբերակը պարտադրել, որը չի բավարարի ոչ Բաքվին, ոչ էլ Երևանին և չի վերացնի հակամարտության պատճառները: Մինչդեռ Արևմուտքը դուրս կմղվի տարածաշրջանից, և Կովկասը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Իրանի ազդեցության տարածման համար կարող է ցատկահարթակ դառնալ:

Քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների հարցերը Մոսկվայի համար լծակ են դառնալու Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների վրա ճնշում գործադրելու առումով: Միևնույն ժամանակ, Արևմուտքն աստիճանաբար ռազմավարական և տնտեսական առումով մարգինալ է դառնալու տարածաշրջանում, հատկապես ոչ ռուսական աղբյուրներից էներգիա ստանալու առումով:

Ժամանակն է, որ արևմտյան կառավարություններն ուշադրություն դարձնեն Կովկասում տեղի ունեցողի վրա: Եթե Բաքուն, Թբիլիսին և Երևանը շարունակեն կորցնել ինքնիշխանութունը, զրկվելու են ոչ միայն ինքնորոշման իրավունքից, այլ նաև բարեփոխումներ անելու կարողությունից: Արևմտյան առաջնորդները պետք է հաշվի առնեն Հարավային Կովկասի նշանակությունն անվտանգության ապահովման առումով և քայլեր ձեռնարկեն արևմտյան ազդեցությունը տարածաշրջանում վերահաստատելու համար:

Ադրբեջանն ու Վրաստանն արևմտամետ երկրներն են, նրանք ցանկանում են համագործակցել Արևմուտքի հետ: Նրանց անտեսելը կամ պատժելն առանց դրական քաղաքականություն առաջարկելու ընտրության հնարավորություն չի թողնելու և հաստատելու է Մոսկվայի պնդումները, որ Արևմուտքը չի օգնելու նրանց: Այս անտեսումը ոչ միայն հարվածում է Արևմուտքի ռազմավարական շահերին՝ կապված Թուրքիայի և Եվրասիայում ռուսական կայսրության վերածնումը կանխելու հետ, այլև ի չիք դարձնում այդ երկրներում բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որ ամերիկյան հաջորդ վարչակազմը պարզորոշ տեսնի ռազմավարական խնդիրները և վճռորոշ գործի այդ երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաև հնարավորություններ ստեղծի արևմտյան արժեքների և շահերի համար, ասվում է հոդվածում:

Ամենաընթերցվածը