Հայաստանի թատերաբեմում խաղարկվելու է կոշտ և փափուկ ուժի միջև դրաման. Foreign Policy

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 11:52
Հայաստանի թատերաբեմում խաղարկվելու է կոշտ և փափուկ ուժի միջև դրաման, Foreign Policy-ում «Հայաստանը միացնում է ուժերը Ռուսաստանի հետ» վերտառությամբ հոդվածում գրում է հանդեսի սյունակագիր Էմիլի Տամկինը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթ հայտարարել է, որ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հետ միասին ֆինանսական աջակցություն է ցույց տալու Հայաստանի ընտրական գործընթացին: Նոր գործընթացի նպատակն է նվազեցնել ընտրակեղծիքները:

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ամերիկացիներն օգնելու են բարձրացնել Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պեությունն է՝ ընդգծելով երկու երկրների միջև ամուր հարաբերությունները, ինչպես նաև այն, որ Վաշինգտոնը շարունակելու է «գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին և օգնել անկախ, ապահով և բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը»:

Արդյոք սա նշան է, որ Հայաստանն ամրապնդելու է հարաբերություններն ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ: Ամենևին:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում է, որտեղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ստորագրելու է համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրով Ռուսաստանը կարողանալու է օգտագործել իր ռազմական ուժերը Հայաստանը պաշտպանելու համար: Իզվեստիային տված հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն երկարաժամեկտ դաշնակիցներն են, այլ նաև դարավոր բարեկամներ ու եղբայրներ:

Այն, որ Ռուսաստանն ավելի է իրեն մոտեցնում Հայաստանին, Ադրբեջանում ոմանց հիասթափեցնում է, որտեղ մի շարք պատգամավորներ կոչ են անում վերանայել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները: Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ լարված են այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որտեղ Ռուսաստանը խաղաղարարի դեր է խաղացել և երբեմն մեղադրվում է դրանից օգուտներ քաղելու մեջ:

Եթե հավանական չէ, որ Հայաստանը լքի Ռուսաստանին Ամերիկայի ընտրական աջակցության դիմաց, էլ ավելի անհնար է, որ Ադրբեջանը երես կթեքի Ռուսաստանից և իսկական ժողովրդավարական երկիր կդառնա: