Հայաստանը Սիրիային աջակցությու՞ն է խոստանում ցեղասպանության ճանաչման դիմաց

    • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 18:16
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Օմար ալ-Արաբիին և Ալան Բաքերիին:

Շարմազանովը հավաստիացրել է, որ հայ պատգամավորները պատրաստ են տարբեր միջազգային հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Ի պատասխան՝ սիրիացի պատգամավորները նշել են, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներ են տեղի ունենում, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Սիրիական խնդիրը, ինչպես պնդում են որոշ արեւմտյան լրատվամիջոցներ, կարող է կարգավորվել նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալությունը՝ Օբամայի վարչակազմի կողմից: Աղբյուրները նշում են, որ պետքարտուղար Ջոն Քերին փորձում է համաձայնության գալ Սերգեյ Լավրովի հետ եւ գործը ստորագրության հասցնել: Արեւելյան Հալեպում իրավիճակի փոփոխությունը շատ վերլուծաբաններ կապում են ռուս-ամերիկյան համաձայնության առկայության հետ:

Կողմերից յուրաքանչյուրը, սակայն, փորձում է հարցն իր օգտին լուծել:

Գլխավոր հարցն այն է, թե կհաջողվի արդյոք պահպանել Սիրիայի ամբողջականությունը: Ռուսաստանը պնդում է դա: ԱՄՆ-ում ավելի շատ են խոսում երկրի դաշնայնացման անխուսափելիության մասին: Սիրիացի պատգամավորների այցը Հայաստան կարող է Սիրիայի եւ Ռուսաստանի քաղաքական լոբբիի մաս լինել: Սիրիան փորձում է ամբողջականության պահպանման օգտին ստանալ բարեկամ երկրների ձայները:

Ի պատասխան՝ Դամասկոսը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սիրիան դա կարող է անել Թուրքիայի հետ ներկայիս վատ հարաբերությունների պայմաններում, որը ներխուժել է Սիրիա: Եթե Եգիպտոսն էլ, ինչպես գրում են, նույնպես քննարկի Հայոց ցեղասպանության հարցը, ապա հնարավոր է երկու արաբական երկրներ հայտնվեն ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում:

Դժվար է ասել, թե դա ինչ կտա Հայաստանին, սակայն չարժե միջազգային հարթակներում սեփական ձայնը «տալ» ուրիշին: Ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է, սակայն պայմանով, որ Հայաստանն ինքնիշխան քաղաքականություն կվարի:

Իսկ եթե Հայաստանի քաղաքականությունն ուղղորդվի Մոսկվայից, ապա ցեղասպանության ճանաչումն իրավական հետեւանքներ չի ունենա: 2015 թվականին Եվրախորհրդարանի, Հռոմի պապի եւ բազմաթիվ ինստիտուտների ու երկրների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանն իրավական պահանջներ չի ներկայացրել Թուրքիային, այլ միայն ինքն իրեն հռչակել է ցեղասպանությունների դեմ համաշխարհային շարժման առաջնորդ: Ընդամենը: 

Ամենաընթերցվածը