ԱՄՆ կառավարության հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 17:11
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Մենք այս համաձայնությունը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Հիմք ընդունելով 2015թ.  դեկտեմբերին նախագահ Սարգսյանի ելույթում հնչեցված երաշխիքները՝ մենք լրջությամբ ենք ընդունում ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ 2017թ.  խորհրդարանական ընտրություններն «անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:

Վստահարժան ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրապարակավ հնչեցված այս խոստումն իրականություն դարձնելու հարցում օգնելու նպատակով Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն հունիսի 17-ի և սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն:

ԱՄՆ դեսպանատունը միջազգային դոնորների հետ միասին, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված Ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և  ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես սահմանվել է հունիսի և սեպտեմբերի համաձայնություններով:

Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն ըստ էության կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ և դատական մարմինների ուսերին է, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի զգալիորեն տարբերվող մոտեցում, ապահովվի Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտումը քվեախցիկում ընտրություն կատարելիս ու երաշխավորվի տեղական և միջազգային դիտորդների և լրատվամիջոցների էական ու անարգել աշխատանքն ընտրության օրը և հաջորդիվ:

Ազատ ու արդարացի ընտրությունները նաև պահանջում են պատասխանատու քաղաքացիական մասնակցություն ընտրական գործընթացում, ինչպես նաև ընտրությունների աչալուրջ դիտարկում Հայաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության և բոլոր քաղաքացիների կողմից՝ անկախ քաղաքական հայացքներից:

ԱՄՆ դեսպանությունը համամիտ է նախագահ Սարգսյանի այն գնահատականի հետ, որ  Հայաստան պետության «վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով»: Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր արդեն 25 տարի մեր երկրները բարեկամ են և գործընկեր: Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին և օգնել անկախ, ապահով և բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահարժան ընտրությունները բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը:

Ամենաընթերցվածը