Ինչու Իրանի նախագահն այդպես էլ չայցելեց Հայաստան

    • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 16:51
Անցած շաբաթն անցավ, իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այդպես էլ չեկավ Հայաստան: 10 օր առաջ իրանական լրատվամիջոցներն ակնարկել էին, որ «հաջորդ շաբաթ Հասան Ռուհանին կարող է Հայաստան ժամանել»:

Այցի մասին հայտարարությունն իրական էր թվում, որովհետեւ հայ-իրանական հարաբերություններում կարծես թե տեղաշարժեր են սկսել նկատվել: Իրանում Հայաստանի դեսպանը եւ Հայաստանում Իրանի դեսպանը խոսել են չօգտագործված ներուժի, հայ-իրանական փոքր առեւտրաշրջանառության, այն մեծացնելու մասին: Նախաստորագրվել է նաեւ Հայաստանով դեպի Վրաստան իրանական գազի տարանցիկ փոխադրման մասին համաձայնագիրը:

Առաջին անգամ նոր տրանզիտային միջանցքով փորձնական Սեւ ծովով, Վրաստանով եւ Հայաստանով ապրանքներ են փոխադրվել Իրան: Երկու կոնտեյներ ապրանքը տեղափոխվել է Հայաստանի սահմանով: Այս մասին Mehr գործակալությանը հայտարարել է Իրանի միջազգային տրանսպորտային ասոցիացիայի քարտուղար Ղոլամհոսեյն Ամիրին:

«Վերջին մի քանի տարիներին թուրքական կողմի հետ խնդիրներ ենք ունեցել Եվրոպայից բեռների փոխադրման հարցում: Դա ստիպել է մեզ բանակցություններ սկսել այլ երկրների հետ այլընտրանքային երթուղիներ որոնելու համար», - հայտարարել է Ամիրին:

Ադրբեջանը բողոքում է, որ Իրանը չի ցանկանում ավարտին հասցնել երկաթուղու շինարարությունը, որոնվ Իրանից Ռուսաստան ու Վրաստան տարանցիկ փոխադրումը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով:

Ստացվում է, որ իրանական կողմն այնքան էլ շահագրգռված չէ Թուրքիայով եւ Ադրբեջանով տարանցիկ փոխադրմամբ: Հայաստանը տարանցիկ փոխադրման այլընտրանք է, սակայն նա էլ մեծ ցանկություն չի ցուցաբերում Իրանի հետ շփումների հարցում:

ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը երբեք կղզյակ չի եղել, ձգտել է միավորել հյուսիսն ու հարավը, արեւելքն ու արեւմուտքը: Սարգսյանը հայտարարել է Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու, ԵԱՏՄ հետ ինտեգրացիան եւ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին, սակայն Իրանի հետ հարաբերությունների եւ նախագահի այցի մասին Սարգսյանը ոչ մի բան չի ասել:

Հայտնի չէ, թե արդյոք Ռուհանին կայցելի Հայաստան, թե դա փիար-զոնդավորում էր: Հնարավոր է, այցը տեղի ունենա այս տարվա մեջ, սակայն ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերություններում էվոլյուցիոն ճանապարհով դժվար կլինի հաջողության հասնել: Ճեղքում է պետք, որը թույլ կտա հաղթահարել արգելքները:

Հայաստանն արգելքները վերացնելու փոխարեն ստեղծում է դրանք: Ամեն անգամ, երբ Իրանը երկկողմ հարաբերություններ եւ առեւտրի զարգացում է առաջարկում, Հայաստանը ցույց է տալիս իր ձեռնաշղթաները եւ հիշեցնում, որ կապված է Եվրասիական միությունով եւ ազատ չէ մաքսային-առեւտրային քաղաքականությունում:

Որոշ փորձագետներ կարծում են, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմաններում Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն անհնար են: Ինչպես եւ Վրաստանի հետ նորմալ հարաբերությունները:

Ամենաընթերցվածը