ԱՄՆ-ից գազի արտահանումը գրեթե 60 տարում առաջին անգամ գերազանցել է ներմուծմանը. WSJ

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 13:16
ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը նոյեմբերին գերազանցել է ներմուծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով S&P Global Platts ընկերությունը, որը տվյալներ է հավաքում Էներգետիկայի շուկաներում առեւտրի տվյալների վերաբերյալ:

Վերլուծաբանների տվյալներով՝ նոյեմբերին ԱՄՆ-ն օրական արտահանել Է միջին հաշվով 210 միլիոն խորանարդ մետր գազ, ըստ որում միջին ներմուծումը հասել է 198 միլիոն խորանարդ մետրի:   

Այսպիսով, ԱՄՆ-ը գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ դարձել է վառելիքի զուտ արտահանող: Դա արտացոլում է գազի արդյունահանման բումը, որը հանգեցրել է համաշխարհային շուկայում երկրի աճող ազդեցության:

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ կվերացնի ածխաջրածինների արտահանման արգելքները, ինչն ընկալվել Է որպես դրական նշան ինդուստրիայի համար: Այնուամենայնիվ, Մեքսիկայի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի անորոշ հեռանկարները կարող են դանդաղեցնել արտահանման աճը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: