Կուբայում սկսվում են Ֆիդել Կաստրոյի հետ հրաժեշտին նվիրված միջոցառումները

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 11:14

Ազատության կղզու բնակիչները եւ հյուրերը նոյեմբերի 28-ից հնարավորություն կստանան հրաժեշտ տալու Կուբայական հեղափոխության պատմական առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, որն 90 տարեկան հասակում անցած ուրբաթ օրը հեռացավ կյանքից: Կուբայի Կումունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի եւ կառավարության՝ հուղարկավորության կազմակերպման հատուկ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) Կաստրոյի աճյունը կդրվի Հավանայի Հեղափոխության հրապարակում՝ Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատարելով հանգուցյալի կամքը՝ նոյեմբերի 26-ին նրա դին կիզվել Է նեղ շրջանակի անձանց ներկայությամբ, ասված Է Կոլումբիայի Caracol Television հեռուստաալիքի հաղորդման մեջ: Հրաժեշտի արարողությունը կտեւի ամբողջ օրը՝ մինչեւ 22:00-ն եւ կշարունակվի նոյեմբերի 29-ին 09:00-ից մինչեւ 12:00-ն: Այդ վայրում, որը համարվում Է Կուբայի քաղաքական կյանքի սիրտը, քաղաքացիները կարող են վերջին հարգանքը մատուցել Արեւմտյան կիսագնդում առաջին եւ միակ սոցիալիստական պետության հիմնադրին:

Սկսած նոյեմբերի 30-ից հանգուցյալի աճյունը չորս օր Հավանայից կտանեն Սանտյագո դե Կուբա: Մինչեւ դեկտեմբերի 3-ը աճյունը կտանեն երկրի 15 նահանգներից 13-ը, նույն օրը Սանտյագո դե Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում պլանավորված Է զանգվածային միջոցառում:

Թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով 07:00-ին քաղաքի սուրբ Իփիգենիայի գերեզմանատանը, քաղաք, որն անվանում են կուբայական հեղափոխության օրրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը