Ինչ անակնկալ են պատրաստում Պուտինն ու Նազարբաեւը Սերժ Սարգսյանի համար

    • Քաղաքականություն - 25 Նոյեմբերի 2016, 16:01
ՌԴ նախագահ Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել, որի  ընթացքում քննարկել են նաեւ դեկտեմբերին Ռուսաստանում կայանալիք ՀԱՊԿ ու ԵՏՄ Վեհաժողովների հետ կապված հարցեր։

Դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Վեհաժողովի հարցերից մեկը, համենայն դեպս արդեն հայտարարված, լինելու է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը։ Այդ հարցն արդեն երկու անգամ հետաձգվել է. մեկը մինչեւ ապրիլի պատերազմը` 2015-ի վերջին, իսկ մյուսը բոլորովին վերջերս` 2016 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՊԿ Վեհաժողովը եղավ Երեւանում։ Դրա ընթացքում պետք է նշանակվեր Հայաստանի ներկայացուցիչը, բայց հարցը հետաձգվեց։

Ներկայացվում էր, իհարկե ոչ պաշտոնապես, թե իբր դրա պատճառը Ղազախստանի նախագահ Նազարբաեւի բացակայությունն էր։ Ավելին, կար խոսակցություն, թե Նազարբաեւը հենց դրա համար էլ չէր ժամանել Հայաստան։ Թեեւ, պաշտոնապես տարածվել էր, որ Նազարբաեւը հիվանդ է` հարբուխ։ Նա հետաձգեց ոչ միայն Հայաստան, այլեւ Ադրբեջան ծրագրած այցը։ Ըստ խոսակցության, Նազարբաեւը չի ուզում Հայաստանի ներկայացուցչին տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, քանի որ դա դուր չի գա Ալիեւին։

Որքան է իրատեսական այդ տեսակետը, բարդ է ասել։ Նազարբաեւն իհարկե հանուն Ադրբեջանի շատ տհաճություններ է պատճառել Հայաստանին, բայց, ի վերջո, հո չի կարող նա անվերջ փախչել ՀԱՊԿ Վեհաժողովներից։ Առավել եւս հստակ չէ, թե պարտադի՞ր է նրա զուտ ֆիզիկական մասնակցությունը, որպեսզի հարցը լուծվի։

Իրավիճակն էլ ավելի խճճված դարձավ օրերս Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի անսպասելի հայտարարությունից հետո։ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի թեկնածուի շուրջ չի եղել կոնսենսուս։ Միաժամանակ, Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանը պնդելու է իր թեկնածուին նաեւ դեկտեմբերի Վեհաժողովում։

Ստացվում է իսկապես հետաքրքիր վիճակ։ Կոնսենսուս չի եղել, որովհետեւ Ղազախստա՞նն է դեմ եղել, թե՞ Բելառուսը կամ Ռուսաստանը։

Իհարկե, հնարավոր են նաեւ այդ տարբերակները, եւ չի բացառվում, որ Մինսկն ու Աստանան Հայաստանի հանդեպ իրենց այդ վերաբերմունքով Մոսկվայի հետ են ինչ որ հաշիվներ պարզաբանում։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյոք Մոսկվան չի կարող Հայաստանին խնդրել, հորդորել, պարտադրել ներկայացնել այլ թեկնածու։ Եթե այո, ապա ինչու՞ չի անում։ Կնշանակի, որ Մոսկվա՞ն չի ուզում տեղի տալ Աստանային կամ Մինսկին, թե՞ ինչ որ հարցեր լուծում է Ադրբեջանի հետ, կամ էլ պարզապես չի ցանկանում, որ Հայաստանի թեկնածուն գլխավորի ՀԱՊԿ-ը։

Իսկ եթե Մոսկվան չի կարող Հայաստանին պարտադրել, ապա առաջանում է այլ իրավիճակ։ Արդյոք Հայաստանը կարող է իր կամքով պնդել իր թեկնածուին, լավ իմանալով, որ այն մերժվելու է։ Ընդհանրապես պարզ չէ, Հայաստանը դժգո՞հ է, որ արդեն երկրորդ անգամ հետաձգվում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչի նշանակումը։

Օրինակ, Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Մոսկվայում քննադատում էր ՀԱՊԿ նախագահներին, որ հեռախոսը չեն վերցնում եւ չեն հետաքրքրվում Հայաստանի անվտանգության խնդիրներով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանն իր թեկնածուի նշանակման հետաձգման կապակցությամբ կարծես թե չի դժգոհում։

Հարց է առաջանում, թե արդյո՚ք Երեանն ինքը գոհ չէ հարցի հետաձգումից։ Ի վերջո, իրավիճակն այստեղ իսկապես ուշագրավ է։ Ի՞նչ է անելու Հայաստանը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այդ պաշտոնը իրավասու չէ որեւէ կերպ ազդել ՀԱՊԿ քաղաքականության եւ որոշումների վրա։ Որոշում կայացնում են նախագահները։

Այդ դեպքում Հայաստանի ինչի՞ն է պետք այդ պաշտոնը, եթե Երեւանը դե յուրե ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում ՀԱՊԿ շրջանակում, սակայն դե ֆակտո որեւէ կերպ չի ավելացնում քաղաքականության վրա ազդելու իր հնարավորությունը։ Հակառակը, այդ հնարավորությունը կարող է լինել Հայաստանի բերանը փակելու խցան, եթե Երեւանը դժգոհի ՀԱՊԿ քայլերից եւ անտարբերությունից։ Դրանից բացի, մեղմ ասած հավանական է, որ Հայաստանի ներկայացուցիչը ստիպված կլինի անել Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությանն առնչվող հայտարարություններ` դե յուրե ՀԱՊԿ անունից, իսկ դե ֆակտո ինչ որ իմաստով նաեւ Հայաստանի։

Միով բանիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը չի ստանում նոր հնարավորություն, փոխարենը ընկնում է նոր պատասխանատվության տակ։ Այդ համատեքստում պետք չէ բացառել, որ Երեւանը պարզապես չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, պարզապես չի կարող դրանից հրաժարվել պաշտոնապես, հրապարակավ։ Բացառված չէ, որ տարբերակը դիտվում է անընդունելի թեկնածուի առաջադրումը։

Դժվար է ասել, Պուտինն ու Նազարբաեւը հետաքրքրված կլինե՞ն այդ խնդրով, հեռախոսազրույցում այդ հարցն էլ քննարկելու համար, սակայն ՀԱՊԿ դեկտեմբերին կայանալիք Վեհաժողովի հետ կապված հարցերի քննարկումը հետաքրքիր է հենց Շավարշ Քոչարյանի օրերս արած հայտարարության համատեքստում։

Ըստ այդմ հետաքրքիր է, թե Պուտինն ու Նազարբաեւը ինչ են պատրաստում Սերժ Սարգսյանի համար, եւ արդյոք Սարգսյանի համար դա կլինի անակնկալ։