Ռուսաստանը չի պատրաստվում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

  • Քաղաքականություն - 24 Նոյեմբերի 2016, 21:39

Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ և Ֆրանսիան փոխել են իրենց համանախագահներին, արդյո՞ք ՌԴ-ն ևս ծրագրում է փոխել իր համանախագահին:

«Կարծում ենք, որ ԱՄՆ և Ֆրանսիայի պարագայում սա դեսպանների հերթական փոփոխություն է, իսկ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը շարունակելու է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մենք սրանում որևէ քաղաքական բաղադրիչ չենք տեսնում»,- նշել է Զախարովան:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին հրամանագիր էր ստորագրել Ստեֆան Վիսկոնտիին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահ նշանակելու վերաբերյալ: Վիսկոնտին այդ պաշտոնում փոխարինեց 2014թ-ին նշանակված դեսպան Պիեռ Անդրիոյին:

Նոյեմբերի 21-ին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում կատարեց պաշտոնից հեռանալու մասին: Ուորլիքը համանախագահի պաշտոնը կթողնի 2016թ-ի դեկտեմբերի 31-ին:

Ամենաընթերցվածը