Վրաստանի նոր կառավարությունը կհաստատեն շաբաթվա վերջին

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 15:35

Վրաստանի կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Խորհրդարանում արդեն ստացվել են Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարության անդամների թեկնածուների ցուցակը եւ ծրագիրը:

Պատգամավորները նախարարների պաշտոնի թեկնածուների հետ կոմիտեական լսումների ձեւաչափով հանդիպումներ կսկսեն նոյեմբերի 24-ից: Նոյեմբերի 25-ից նրանք հանդես կգան խմբակցությունների առջեւ, իսկ նոյեմբերի 26-ին կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, որում պատգամավորները պետք Է քվեարկեն կառավարության նոր կազմի շուրջ: Կվիրիկաշվիլին որոշել Է ապագա կառավարության կազմում թողնել նախկին նախարարների մեծ մասին: Փոփոխությունները վերաբերել են միայն տնտեսական բլոկին:    

Վրաստանի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ կառավարությունը լիազորությունները վայր Էր դրել նոյեմբերի 18-ին, իններորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո: Հաջորդ օրը նախագահը ներկայացրեց կառավարող կուսակցության կողմից վարչապետի պաշտոնի համար ընտրված Կվիրիկաշվիլիի թեկնածությունը:

«Ներկայացված Է շատ արժանի թիմ եւ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կաբինետում, համապատասխանում են այն գերակայություններին, որոնք շեշտադրված են մեր նախընտրական ծրագրում:

Կոնսուլտացիաները խորհրդարանական ձեւաչափերով կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, եւ մենք կաշխատենք նախարարների կաբինետի նոր կազմը հաստատել առաջիկա օրերին»,-ասել Է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը չի պաշտպանելու նախարարների կաբինետի նոր կազմին: «Չորս տարվա ընթացքում այդ մարդիկ չկարողացան հասնել դրական արդյունքների, չկարողացան երկիրն առաջ տանել եւ չկարողացան կատարել այն խոստումները, որոնց բնակչությունն սպասում Էր 2012 թվականի ընտրություններից հետո: Ուստի ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ 2016 թվականից հետո ինչ-որ բան կփոխվի»,-ասել Է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:

Ամենաընթերցվածը