Ինչու՞ Կրեմլը չի սիրում հայաստանյան քաղ. հասարակությանը

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 13:52
Անցած մի քանի տարիներին ռուսական տարբեր պաշտոնյաներ բազմիցս առաջարկել են Հայաստանի կառավարությանը չեզոքացնել «հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող հասարակական կազմակերպությունները», ուժեղացնել հասարակական կազմակերպությունների վերահսկողությունը, և անգամ կատարել օրենսդրական փոփոխություններ՝ ՀԿ-ների գործունեության վերահսկումը հեշտացնելու համար: Եթե մի կողմ դնենք այն, որ նմանօրինակ առաջարկները դիվանագիտական տեսանկյունից անընդունելի միջամտություն են մեկ այլ երկրի կողմից մյուսի ներքին զարգացումների մեջ և ԿԳԲ-ի գործելաոճն են հիշեցնում, ապա հարց է ծագում՝ ինչո՞վ է հայկական քաղաքացիական հասարակությունն այդքան զայրացրել Կրեմլին:

Լրատվամիջոցներ

Հայկական լրատվական դաշտը անհամեմատ ավելի ազատ է, քան ԵԱՏՄ հիմնադիր երեք անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի լրատվամիջոցները, և ավելի ազատ, քան Ղրղստանինը: Սա նշանակում է, որ Հայաստանում առկա է որոշ չափի օբյեկտիվ լրատվության Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

Սա, իր հերթին, ենթադրում է Հայաստանում հակառուսական տրամադրությունների առկայություն, ինչպես օրինակ 2016 թ. ապրիլ ամսից հետո՝ կապված ռուս-ադրբեջանական ռազմական առևտրի հետ, երբ հասարակության լայն դժգոհությունը նույնիսկ ստիպեց հայկական կառավարությանը որոշակի դիվանագիտական հայտարարություններ կատարել և բողոքել Կրեմլի նման հակահայկական քաղաքականության դեմ: Հետևաբար լրատվական դաշտի ազատությունը Հայաստանում ստեղծում է խոչընդոտներ ՌԴ տարածաշրջանային քաղաքականության «սահուն» իրականացման համար:

Բացի Ռուսաստանի հակահայկական քայլերի լուսաբանումից՝ հայկական մամուլը կարող է ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանի ներքին լսարանի (հայազգի հատվածի) վրա`Կրեմլի մասին այլընտրանքային լրատվություն տրամադրելով, մինչդեռ անցած 10 տարիներին Վլադիմիր Պուտինի կառավարությունը տքնաջան աշխատել է Ռուսաստանում լրատվամիջոցների աշխատանքը խստիվ վերահսկելու համար համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծման ուղղությամբ:

Ժողովրդավարության ամրապնդմամբ զբաղվող կազմակերպություններ

Ըստ ամենայնի՝ ռուս-հայկական հարաբերությունների մեջ «սեպ խրող» կազմակերպությունների մեծ մասը զբաղվում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ, քաղաքական տարակարծության ու քաղաքացիական գիտակցության զարգացմամբ: Ինչո՞ւ է հենց ժողովրդավարությունը մտահոգում Կրեմլին: Պատասխանը պարզ է: Ինչքան ավելի քիչ ժողովրդավար լինի Հայաստանը, այնքան ավելի միատար կլինի ԵԱՏՄ երկրների կազմը:

ԵԱՏՄ երկրները, բացառությամբ Հայաստանի ու Ղրղզստանի, ամբողջովին ավտորիտար են՝ այսինքն որոշումները կայացվում են միայն նախագահական մակարդակով, իսկ հասարակության կարծիքը կարևոր չէ: Սա իր հերթին «հեշտացնում է» որոշումների ընդունումն ու դրանց լեգիտիմացումը այս երկրներում... Առավել ևս, հասարակության շահերին հակասող որոշումները:

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքական համակարգերը աշխատում են հօգուտ իշխող ղեկավարության և դրա շահերի, Հայաստանի և Ղրղզստանի դեպքում հասարակությունը ունի որոշակի լծակներ, եթե ոչ կանխելու, ապա գոնե բարդացնելու ու պակասեցնելու անցանկալի որոշումների ընդունումն ու իրականացումը: Զգալիորեն ավելի հեշտ է համաձայնության գալ կամ որոշումներ պարտադրել մի խումբ ավտորիտար քաղաքական գործիչների, քան լեզու գտնել այդ երկրների քաղաքացիների հետ: Հետևաբար, ժողովրդավարության ու քաղաքացիական ինքնագիտակցությամբ ամրապնդմամբ զբաղվող կազմակերպությունների առկայությունը Հայաստանում ձեռնտու չէ ՌԴ-ին:

Հեռանկարը

Ռուսական մամուլը և քաղաքական գործիչները ինչպես իրենց երկրում, այնպես էլ Հայաստանում փորձում են պիտակավորել նման կազմակերպություններին՝ որպես արևմտյան լրտեսներ ու արևմուտքի ծառաներ՝ փորձելով Հայաստանի բնակչության լայն շերտերին (մասնավորապես սովետական անցյալ ու ԽՍՀՄ քարոզչության պատճառով արևմուտքի հանդեպ բնազդային անվստահություն ունեցող ավագ սերնդին) տրամադրել այդ կազմակերպությունների դեմ:

Ավելին, ինչպես ակնհայտ դարձավ այս տարվա օգոստոսին, երբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին արգելվել էր մուտք գործել Ռուսաստան, Կրեմլը ունի սև ցուցակ և վերահսկում է հայկական քաղհասարակության անդամների գործունեությունը մեկ առ մեկ՝ պատրաստ իր քաղաքականությանը տհաճ հայկական ցանկացած քաղաքացիական գործչի դեմ գործելու:  

Այսպիսով՝ կարելի է ակնկալել, որ ՌԴ-ի քարոզչությունն ու ճնշումները հայկական քաղհասարակության դեմ կշարունակվեն և ցանկացած առիթի դեպքում ավելի կխստանան: 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ամենաընթերցվածը