Ռոմնին դարձել է Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուն. WSJ

  • Քաղաքականություն - 23 Նոյեմբերի 2016, 10:51

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը Միթ Ռոմնիին դիտարկում է որպես իր վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտնել է WSJ թերթի էլեկտրոնային տարբերակը:

Նրա աղբյուրների տվյալներով՝ Թրամփը ներկայում հակվում է այն բանին, որ Ռոմնիին առաջարկի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Հանրապետականի շրջապատից ոմանք պնդում են Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիի թեկնածությունը կամ առաջարկում են շարունակել առավել հարմար մարդու որոնումները:

Հրատարակությունը նշում է, որ ընտրված նախագահը, ամենայն հավանականությամբ, Պենտագոնի ղեկավարի պաշտոնը կառաջարկի պաշտոնաթող գեներալ Ջեյս Մետիսին, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլիին:   

Ռոմնին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու է եղել 2012 թվականին եւ պարտություն է կրել դեմոկրատ Բարաք Օբամայի հետ պայքարում:

Վերջին ամիսներին Ռոմնին շարունակաբար քննադատում Էր Թրամփին եւ նախագահական ընտրություններից առաջ հրաժարվեց հրապարակավ հանդես գալ նրա աջակցությամբ: Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ ընտրված Թրամփը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է թե Ռոմնին ու մյուս հանրապետականներն իրեն շնորհավորել են հաղթանակի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Ամենաընթերցվածը